«Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ բան չի փոխվել, ավելին՝ Ալիեւը փորձում է օգտվել քաղաքական իրավիճակից եւ սրել իրադրությունն առաջնագծում»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի վերջին սադրանքներին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
«Չեմ բացառի, որ այս շաբաթ էլ լարված իրավիճակ է լինելու առաջնագծում: Խոստացել են, որ այսուհետ մեր պատասխանները լինելու են անհամաչափ: Հուսանք՝ դրանք կզսպեն Ադրբեջանին»,-նշեց նա:
Պողոսյանը մեկնաբանեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությունը, թե՝ Արցախում անցկացվող զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի բանակի առաջապահ դիրքերին մոտեցող հայկական ուժերի ավիացիան կխոցվի: «Առաջին անգամ չէ, երբ իրենց «հզոր դեմք» են փորձում ներկայացնել: Իսկ ի՞նչ ենք անում մենք, մենք էլ նման վարքագիծ պետք է դրսեւորենք՝ պաշտպանելով մեր սահմանը: Եթե կհարվածեն, մենք պետք է այնպիսի անհամաչափ հարված տալ, որ մյուս անգամ չհամարձակվեն»,-նկատեց Թեւան Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը նման սպառնալից հայտարարություններ է անում այն ժամանակ, երբ միջազգային հանրության ուշադրությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի վրա է. «Այսինքն, նա կարողանում է տեսակետ հնչեցնել միջազգային իրադրության ժամանակ, իսկ հայկական կողմը չպետք է սպասի, որ զորավարժություններ լինեն ու նոր հայտարարություններ անի: Թող Ադրբեջանի ՊՆ-ն նեղվողի դերում հայտնվի, մենք էլ լինենք նախաձեռնող»:
https://www.youtube.com/watch?v=NXBQ1z2GrAs
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ