«Երեւանի ավագանու ընտրությունները հեղափոխությունից հետո մի մեծ քայլ առաջ էին Հայաստանի համար»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Այս գնահատականը, ինչպես ասաց Մելիքյանը, նախորդ ընտրություններից հետո միջազգային եւ տեղական տարբեր դիտորդական կազմակերպությունների ձեւական գնահատականներից չէ:
Այս ընտրություններն, իսկապես, որակապես տարբերվեցին նախորդ բոլոր ընտրություններից. «Եվ սա վերաբերում է նաեւ լրագրողների գործունեության պայմաններին: Շատ հարթ անցան ընտրությունները: Նույնիսկ այն խախտումները, որոնք արձանագրեցին տեղական դիտորդները, չկային այն գլոբալ խախտումների մթնոլորտը, կարուսելը, ուղղորդելը»:
Անդրադառնալով լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման դեպքերին, Մելիքյանը նշեց՝ «Ընտրությունների օրը արձանագրվել է ընդամենը 1 դեպք՝ 8/5 ընտրատեղամասում, երբ 1in.am-ի թղթակից Դիաննա Դավթյանի ձեռքին խփելով, տարածքային հանձնաժողովի նախագահը համառորեն պահանջում էր, որպեսզի խոսափողը մի կողմ քաշի, նաեւ այնտեղ խոչընդոտվել է օպերատորի աշխատանքը՝ մեկ այլ անձի կողմից»:
Մելիքյանը հիշեցրեց նաեւ ընտրությունների նախօրեին «Մեդիա կենտրոնում» «Անկախ դիտորդ» առաքելության մշտադիտարկման տվյալների հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ խոչընդոտեցին այդ գործընթացը, բայց այդ միջադեպը չի կարելի միանշանակ որպես խոչընդոտում գնահատել, այն պարզ պատճառով, որ մեր գնահատմամբ՝ երկու կողմից խախտում կար: Լռության օրը մոնիթորինգի նման ներկայացումը, իհարկե, լռության օրվա պահանջի խախտում էր, մեր գնահատմամբ՝ խախտում էր: Խոսքը գնում էր կոնկրետ քաղաքական ուժի մասին, որ բացասական է ներկայացվում, իհարկե, կարող է ազդել ընտրողի կողմնորոշման վրա, դա մեզ համար ակնհայտ է: Եթե նման մոնիթորինգի տվյալներ պետք է հրապարակվեին, ապա դա պետք է կամ մեկ օր շուտ անեին, կամ ընտրություններից հետո»:
Պարոն Մելիքյանի կարծիքով՝ այն պնդումը, որ այդ մոնիթորինգը վերաբերում էր բոլոր քաղաքական ուժերին, այդ մոտեցումն ամենեւին չի արդարացնում. «Լռության օրը ցանկացած հիշատակում՝ ընտրություններին մասնակցող ուժերի մասին՝ լավ կամ վատ առումով, ընդունելի չէ: Ճիշտ այդպես էլ ընդունելի չէր Վահե Էնֆիաջյանի եւ նրա կողմնակիցների ագրեսիվ պահվածքն այնտեղ: Փաստորեն, «Մեդիա կենտրոնի» վրա ազդեցության փորձ էր: Կարծում եմ՝ այս երկու միջադեպը համապատասխան մարմինների ուշադրությանը կարժանանան»:
Նախորդ տարիների համեմատ, ըստ Մելիքյանի, լուրջ դեպքեր, կոպիտ վերաբերմունք լրագրողների հանդեպ չի եղել, դեռ մի բան էլ բարենպաստ պայմաններ են եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ