«Այս ընտրությունները փաստարկեցին, որ դա ամենաճիշտ լուծումը չէր ոչ մեկի համար». Ր. Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունից» հեռացած գործիչներին
«Մեդիա կենտրոնում» «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հարցին՝ չե՞ք կարծում, որ «Ժառանգության» պառակտումն էր նաեւ պատճառը, որ այս ընտրություններին չգրանցեցիք բարձր արդյունքներ՝ պատասխանեց. «Ցավում ենք, իհարկե, որ մեր բարեկամ գործիչները, նրանք, ովքեր կոփվել են «Ժառանգության» դարբնոցում, որոշել են տարբեր եղանակով շարունակել իրենց գործունեությունը, ես համարում եմ, որ դրանք ճշգրիտ քայլեր չէին, բայց լրիվ իրենց իրավունքի մեջ էին: Եվ, ինչպես տեսաք, քանի տարի անց այս ընտրությունները փաստարկեցին, որ դա միգուցե ամենաճիշտ լուծումը չէր ոչ մեկի համար: Բոլոր դեպքերում բնական է, որ այդ շարունակությունը եղավ այդպես: Դժվար է ասել, որ նույնիսկ եթե անվանի գործիչները, որոնք որոշեցին գնալ, եթե մնային, ինչ արդյունք կլիներ, որովհետեւ իրենց շնորհքների համար ես հրավիրվեցի «Ժառանգություն», իրենք դարձան քաղաքացի եւ գործիչ իրենց շնորհքով, բայց նաեւ հենց «Ժառանգությունում» էր, որ իրենք դարձան աստղեր: «Ժառանգությունն» այն տեղն է, որ իրենք կարող են աստղեր լինել, բայց իմ կարծիքով, համաստեղությունն ավելի լավ է, քան աստղը: Այս ընտրությունը մեզ համար նորություն չէ, մենք նման վիճակների մեջ մենք եղել ենք, բայց միգուցե սա այլոց համար հնարավորություն կտա վերանայելու սեփական մոտեցումները, որովհետեւ նրանք, ովքեր խոսել են նախկինում առանձին գնալու հրամայականի մասին, հիմա կարծես վերանայում են սեփական հետագիծը եւ ասում են, որ պետք է համագործակցել»:
Հարցին՝ դուք միակուսակցականացման գնալու վտանգ տեսնո՞ւմ եք Հայաստանում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մտահոգ եմ, որ որոշ շրջանակներ իշխող ուժը, հեղափոխական ուժը փորձում են տանել այդ ուղղությամբ: Չեմ ուզում, որ դա լինի այս հրաշալի վերելքի վախճանի սկիզբը, ուզում եմ, որ դա տարբերվի նախորդից»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ամենաիրատեսականը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպել այս տարվա ավարտին կամ հաջորդ տարվա սկզբին. «Պետք չի արհեստականորեն շտապեցնել եւ պետք էլ չի թողնել ժամկետի վերջին օրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ