Այսօր «Մեդիա կենտրոնում» նոր քաղաքական վերադասավորումների, նոր քաղաքական համակարգի մասին խոսելիս հարցին՝ «Ժառանգությունն» այդ նոր համակարգում իրեն ի՞նչ դերում է պատկերացնում՝ ընդդիմություն, իշխանություն ու «Ժառանգության» ներսում վերադասավորումներ կլինե՞ն՝ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար վերջինն են, որ կլինի իմ մասնակցությունը, որովհետեւ նոր Հայաստանի նոր սերունդը, քաղաքական դաշտը արդեն նոր ձեւաչափերի ու նոր լուծումների կարիքը կունենա»: Նա ասաց, որ վարչության նախագահը Արմեն Մարտիրոսյանն է ու ընդգծեց, որ արհեստական կեղծ բարիկադներին ինքը դեմ է. «Նոր Հայաստանին հարիր պետք է նոր մոտեցում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կլինի «Ժառանգության» վարչության անդամ. «Ժառանգությունը» չի խորշում սերնդափոխությունից»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» տեղին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի գլխավորությամբ ուզենա շարունակել պայքարը համաժողովրդական ձեւաչափով՝ չնեղացնելով այդ պայքարը կուսակցական հարթության մեջ, իրենք կդիտարկեն կոալիցիոն կամ կոնսոլիդացիոն մոտեցումների ձեւաչափը, որի կողմնակիցն են եղել միշտ: Իսկ եթե այնպես լինի, որ համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականանա, ուրեմն որպես բարեկամ, որպես ավագ գործընկեր, կդառնան ընդդիմադիր այն մտայնությամբ, որ կուզենա կուսակցականացնել ու սեփականաշնորհել նոր Հայաստանի արժեքները եւ համաժողովրդական մոտեցումը:
Հարցին՝ այս ընտրություններում ջախջախիչ արդյունք գրանցելուց հետո ինչո՞ւ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին կգնա դաշինքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդ ուժի փոխարեն չեմ կարող խոսել: Ես ի սկզբանե այդ առաջարկն արել եմ, մնացել է անարձագանք, հիմա եթե իմաստությունը այցելի մեզ բոլորիս, կարծում եմ, որոշակի վերանայումներ կլինեն: Կարծում եմ, հաղթանակը ջախջախիչ չէր, առարկայական էր, համոզիչ էր, երեւանցիների մեծ մասը բոլոր դեպքերում չքվեարկեցին որեւէ մեկի օգտին, դա եւս մտածելու է, բայց դա չի փոխում այն պատասխանատվությունը, որն ընկավ «Իմ քայլը» դաշինքի վրա, որպես քաղաքապետարանի մեծամասնություն, հիմա հարցն այն է, թե համապետական ընտրություններում արդյոք այդ ազդեցությունը կմնա եւ Հայաստանի քաղաքացիները ինչպես կվերաբերվեն այս ընտրություններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ