Այսօր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում հարցին՝ շատերը չէին ակնկալում, որ Երեւանում «Ժառանգությունը» կստանա այդքան քիչ ձայներ, ո՞րն է պատճառը՝ պատասխանեց. «Մենք մասնակցում էինք ոչ թե որեւէ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ նաեւ մեր առաջարկը, մեր ծրագիրը թողնելու համար եւ դա հաջողվեց մեզ: Մենք պատրանքներ չունեինք մասնակցելու»: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր խղճի մտոք քվեարկել են իրենց օգտին, նաեւ «Ժառանգության» այն համակիրներին, որոնք այս իրավիճակում քվեարկեցին այլ ուժի օգտին:
Նա նշեց, որ կուսակցության պարտությունը երբեք չեն վերագրել պետության եւ հայրենիքի պարտությանը, եղել են միշտ իրատես ու համարում են, որ սա քայլ առաջ էր. «Նկատողություններ եղել են, մինչեւ հաջորդ ընտրությունը հուսով ենք դրանք սրբագրված կլինեն»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հաջորդ ընտրություններին կմասնակցեն. «Մեր բառապաշարում մտել է տապալում, դիակ, ձախողում բառերը: Սա երեկվա դրությամբ Երեւանի պատկերն էր, թե ինչ տեղի ունեցավ մեր հասարակությունում, մենք դա կարող ենք միայն ողջունել: Մեր քաղաքացիները կողմնորոշվեցին՝ ինչպես կողմնորոշվեցին: Սա քվե էր՝ հանուն նոր Հայաստանի, նոր Երեւանի եւ ոչ թե ընդդեմ»:
Հարցին՝ «Ժառանգությունը» նախորդ 20 տարիների առանցքային քաղաքական ուժերից մեկն էր, խորհրդարանական ընտրություններին կես մլն-ից ավելի ձայն էիք հավաքում, Երեւանում միայն 180 հազար, հիմա խնդիրը ինչո՞ւմ էր կայանում՝ սեւ ու սպիտակի բաժանման մե՞ջ էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ կար չհանգուցալուծված անցումային շրջան եւ կար նաեւ պետական նշանակության օրակարգի ներխուժում քաղաքային նախընտրական իրավիճակի մեջ, մեկը մյուսի վրա ազդում է: Ինչ վերաբերում է վայրիվերումներին, դա հատուկ է բոլորին: Իշխող կուսակցությունների ճանապարհը վերցրեք, եթե տեսնում եք, որ եթե մենք գնում ենք գերկուսակցականացման ճանապարհով, ի վերջո դա է լինելու ճակատագիրը: Նոր Հայաստան տանող այս իշխանությունը չեմ ուզենա ունենա նման վախճան»: Նա ասաց, որ մեր քաղաքացին, կյանքը ապրող, շնչող օրգանիզմ է ու նախագահականն ընտրությունները, որը տեղի էր ունեցել 5 տարի առաջ համեմատել հետհեղափոխական քաղաքային ընտրության հետ, դա, ինչպես ամերիկացիներն են ասում՝ նարինջների եւ խնձորների համեմատություն է: Ըստ պարոն Հովհաննիսյանի գնահատման, իրապես սեւ ու սպիտակի ընտրություն էին նախագահական ընտրությունները. «25-27 տարի ընկնող աստղերի, քաղաքական դիակների, դավաճանների մասին են խոսում ոմանք՝ նաեւ ինձ ուղղելով այս կամ այն պիտակ, ես համարում եմ, որ սա շարունակություն կունենա, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է վերաիմաստավորի իր գոյությունը, շարժուձեւը ու կարողանա մինչեւ հաջորդ ընտրություններ որոշի՝ ինքը պիտի շարունակի որպես կուսակցությու՞ւն հանդես գալ, թե ինչպես «Ժառանգության» նախընտրությունն է եղել միշտ կոալիցիոն, կոնսոլիդացիայի ճանապարհով գնալ»:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դա պետական հանձնառություն է մեր ժողովրդի առաջ. «Երբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, դա տեղի ունեցավ ամենատարբեր ուժերի քվեների միջոցով եւ այնտեղ կար հանձնառություն եւ համաձայնագիր, ըստ որի ընտրվում է այդ վարչապետը, ընդունվեց իր ներկայացրած կառավարության ծրագիրը, որի համաձայն մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Դրա համար սա համակողմ, համատարած հանձնառություն է, որը պետք է կատարվի հնարավորինս շուտ»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե վարչապետը նպատակահարմար է գտնում, իր հետ կմասնակցեն խորհրդակցության. «Ես իմ կյանքի ընթացքում եւ «Ժառանգությունը» միշտ միեւնույն բովանդակությամբ ու մատուցմամբ է փորձել հանդես գալ թե միջընտրական, թե հետընտրական հատվածում, դժվար թե դուք որեւէ հակասություն տեսնեք մեր խոսքի մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ