ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի մասին ծանուցումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին ուղարկել է 2018թ. սեպտեմբերի 19-ին, իսկ ծրարը փոստային համակարգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է հասել միայն սեպտեմբերի 22-ին՝ դատական նիստից 4 օր անց:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. սեպտեմբերի 18-ին նշանակված դատական նիստում քննելու էր ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Արման Հովսեփյանի արդարացման դատավճռի դեմ դատախազ Ա. Շահբազյանի վերաքննիչ բողոքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ էր կայացրել 2018 թ. հուլիսի 18-ին:
Ուշագրավ է, որ ծանուցումը փոստ է հանձնվել դատական նիստի հաջորդ օրը, երբ դա արդեն ոչ մի նշանակություն չուներ, և տպավորություն է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմը պարզապես, այսպես ասած, «պլան է կատարել» մի կողմից, մյուս կողմից՝ փաստացի իր այդ գործողությամբ խոչընդոտել է ամբաստանյալի պաշտպանի՝ դատական նիստին մասնակցությունը:
Նկատենք, որ դատական նիստերի մասին ծանուցումները հաճախ են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հասնում ուշացած՝ կամ նիստից հետո, կամ հենց նիստի օրը, երբ երկու դեպքում էլ անհնար է լինում մասնակցել նիստին: Բայց դրանց վրա նշված ամսաթվերից դատելով՝ կարելի է ենթադրել, որ փոստ են հանձնվել ավելի վաղ, պարզապես ինչ-ինչ պատճառներով ուշ են հասել հասցեատիրոջը:
Իսկ այս դեպքում նույնիսկ ժամանակին ծանուցելու իմիտացիան չկար. արդեն կայացած դատական նիստին հրավիրելը առնվազն անտրամաբանական է:
ՀՔԱՎ