Երբ 2014 թվականի ամռանը Հայկական բնապահպանական ճակատը բացահայտեց, որ Արփա-Սևան ջրատար թունելով Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջուրն օգտագործում են փոքր ՀԷԿ-երի շահերը սպասարկելու համար՝ պետական մարմինները սկսեցին ամեն կերպ հերքել այդ փաստը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական հակադարձումն այն էր, որ այդ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ բացառապես ոռոգման նպատակներով օգտագործելու համար։ Այն ժամանակ մենք չկարողացանք փաստեր ձեռք բերել նրանց այդ պնդումը հերքելու համար, սակայն հիմա ունենք հստակ տվյալներ այն մասին, թե վերջին ութ տարիների ընթացքում բացի Սևանա լճից էլ ուր և ինչ նպատակով են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը։
Օրեր առաջ Ջրային կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Կեչուտի ջրամբարից ջուր է բաց թողնվում նաև ոռոգման նպատակներով՝ Վայքի տարածաշրջանի ինքնահոս և Եղեգնաձորի ոռոգման համակարգերով։ 2010-2017թթ․ընթացքում այդ նպատակով բաց է թողնվել 618,2 մլն․ խոր․մետր ջուր՝ այսինքն տարեկան մոտ 77 մլն․ խոր․մետր։ Այս թվերը խիստ կասկածելի թվացին մեզ, և պատկերն ավել պարզ պատկերացնելու համար մենք վերցրեցինք նաև այդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով բաց թողնված ջրի ծավալների մասին տվյալները։
Այս տվյալները վերլուծելիս բացահայտվում է մի հանցագործություն, որը տարիներ շարունակ կատարվել է պետական ամենաբարձր մակարդակով թողտվության և հովանավորչության պայմաններում։ Ներկայացնենք դրանք։ Ստացվում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Կեչուտի ջրամբարից ոռոգման համար բաց թողնված 618,2 մլն․ խոր․մետր ջրի 37,5 տոկոսը (231,63 մլն․ խոր․մետր) բաց է թողնվել ոռոգման սեզոն չհամարվող ժամանակաշրջանում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ Ընդորում այդ ջրերի մոտ 60 տոկոսը (137,21 մլն․ խոր․մետր) Արփա-Սևան թունելով տեղափոխվել է Եղեգիս գետ, իսկ մնացած 94,42-ը՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգ։
Այս թվերն ու փաստերն ապացուցում են, որ Կեչուտի ջրամբարից ոռոգման համակարգերով բաց թողնված ջրերը չեն օգտագործվել բացառապես ոռոգման նպատակներով։ Ակնհայտ է, որ վերոնշյալ ամիսներին Վայոց Ձորում ոռոգում գրեթե չի իրականացվում, և այդ ջրերը սպասարկել են այլ շահեր՝ մասնավորապես Վայքի ոռոգման համակարգի ջրատարի և Եղեգիս գետի վրա շահագործվող փոքր ՀԷԿ-երի։ Չի բացառվում նաև այլ տնտեսվարողների կողմից այդ ջրերի օգտագործում։ Ավելորդ չենք համարում նշել, որ լուրջ ուսումնասիրման կարիք ունեն նաև ոռոգման սեզոնի ընթացքում բաց թողնված ջրի ծավալները, քանի որ բացառված չէ, որ այդ ժամանակահատվածում նույնպես ջրի մատակարարումն իրականացված լինի այլ նպատակներով։
Նշենք նաև, որ Եղեգիս գետը հուլիս ամսից մինչև մարտ սակավաջուր է, և բնականաբար, ՓՀԷԿ-երը չէին կարող ունենալ հոսանք արտադրելու համար իրենց անհրաժեշտ ջրի քանակը՝ առանց Կեչուտի ջրամբարից Արփա-Սևան թունելով բերվող լրացուցիչ ջրի։ Մեր կարծիքով այս ամենը Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակելու նախորդ կառավարությունների հանցագործ քաղաքականության մի մասն է կազմել ընդամենը, որից օգտվել են նաև վերոնշյալ ՓՀԷԿ-երի սեփականատերերը։
Առանձին ուսումնասիրության է արժանի այն փաստը, թե ինչու է Արփա-Սևան թունելի Եղեգիս-Սևանա լիճ հատվածը շուրջ ութ տարի վերանորոգման մեջ և տարվա ընթացքում գործում է ընդամենը մի քանի ամիս, իսկ ահա նույն թունելի Կեչուտ-Եղեգիս հատվածը գրեթե միշտ շահագործվել է, նույնիսկ նախատեսված չի եղել նորոգման համար՝ կարծես այդ հատվածում դրա կարիքը չկա։ Պետք է նաև պարզել, թե Արփա-Սևան թունելը վերանորոգող ընկերությունն ինչու է այսքան երկարաձգել շինարարական աշխատանքները, և ինչ առնչություն ունեն այդ թունելի պահպանությամբ, շահագործմամբ ու նորոգմամբ զբաղվող ընկերությունները Եղեգիս գետի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի հետ։
Առաջարկում ենք իրավապահ և պետական լիազոր մարմիններին լրջորեն ուսումնասիրել այս փաստերը, պարզել ապօրինությունների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել նրանց։ Պատրաստ ենք աջակցել պետական մարմիններին և տրամադրել մեր ունեցած բոլոր տեղեկություններն ու փաստերը։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն