«Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքի, ընդհանուր տպավորությունների եւ սպասելիքների մասին զրուցել է մշակույթի գործիչների հետ։
Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյան. Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը պահանջում է հեղափոխության շարունակությունը: Քաղաքացիները եւս մեկ անգամ հաստատեցին, որ տեր են Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին տրված մանդատին եւ որ դեռ միայն նրան են վստահում հեղափոխության շարունակությունն ու երկար սպասված արդյունքի հաստատումը։
Ես նույնիսկ մտավախություն ունեի, որ «Իմ քայլը» դաշինքը կարող էր հավաքել ձայների ասենք 95%-ը (ծիծաղում է)։ Իհարկե, ինձ համար ավելի գերադասելի կլիներ, եթե այդ ջախջախիչ մեծամասնության մասը կազմեին բոլորին քաջ հայտնի, տարիներ շարունակ պայքարի կիզակետում պայքարող ուժերը եւս։ Բայց, ինչ արած, սա է ժողովրդի կամքը։ Ժողովուրդն այլեւս զարթնել է, գիտակցում է, թե ինչ պետք է անի, եւ փառք Աստծո, որ այդպես է։
Ինչ խոսք, այս արդյունքները գրանցելուն մեծապես նպաստեցին թավշյա հեղափոխությունն ու նրա լիդերը՝ Նիկոլ Փաշինյանը։ Անշուշտ, չի կարելի անտեսել նաեւ Հայկ Մարությանի եւ նրա գլխավորած թիմում ընդգրկված շատ ու շատ ինձ հայտնի մաքուր մարդկանց գործոնը։
Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, հայտնի դարձավ, որ, օրինակ, ՕԵԿ-ը հավաքել է 1.1% ձայն։ Իսկ ես կարծում էի, որ այդ կուսակցությունը խելք կունենար եւ չէր մասնակցի նաեւ այս ընտրություններին։ Ժողովրդի հիշողությունը դեռ թարմ է։
Իսկ ամենակարեւոր բաներից մեկը, որ տեղի ունեցավ, այն էր, որ ընտրությունների արդյունքում պայթեց «առյուծածին» երկրորդ քաղաքական ուժի հզորության եւ նրա նկատմամբ համայն ժողովրդի անմնացորդ սիրո միֆը։ Պարզվեց, որ այդ ուժը մաքուր ընտրությունների պայմաններում Երեւանում կարող է հավակնել ընդամենը 7 % ձայնի։
Հիմա մեր երկիրը նման է ժայթքող հրաբխի, այդ ժայթքման երկունքը պետք է ձգվի մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ավարտը եւ նոր, արդեն երկար ծանր ու թեթեւով ձեւավորված կառավարության ընտրությունը։ Այդ ժամանակ կպարզվի, որ երկիրը երկիր է, մենք էլ ֆանտաստիկ ժողովուրդ ենք։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում