Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններում քաղաքապետ է ընտրվել հեռուստատեսային հայտնի երգիծաբանը. նախկինում ընդդիմություն, այժմ իշխող ուժը լիակատար հաղթանակ է տարել ավագանու ընտրություններում, գրում է Reuters-ը:
«Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 81.05 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ նրա թեկնածու Հայկ Մարությանը, որ մարմնավորել է ամենատարբեր դերեր՝ տանջահար հորից մինչև խանութպան, դառնում է քաղաքապետ:
BBC-ն գրում է, որ մայիսյան իշխանափոխությունից հետո սա Նիկոլ Փաշինյանի գլխավոր փորձն էր խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավագանու ընտրություններում փառահեղ հաղթանակը կարող է Փաշինյանին հնարավորություն տալ ցրել խորհրդարանը, բացի այդ, դա կթեթևացնի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործը, կարծում են BBC-ի զրուցակիցները:
Xinhua գործակալությունը գրում է, որ իշխող ուժը ապշեցուցիչ մեծամասնություն է հավաքել ընտրություններում, և դարձյալ ուշադրություն է հրավիրում ընտրված քաղաքապետի կարիերայի վրա: Գործակալությունը նկատում է, որ սա նախկին լրագրող և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի առաջին ընտրական փորձությունն էր:
Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ բոլոր տեղական և օտարերկրյա դիտորդները ընտրություններն անվանում են արդար և ազատ՝ լիարժեք համապատասխան ժողովրդավարական չափանիշներին, գրում է Georgia Today պարբերականը:
Eurasianet-ը գրում է, որ «Իմ քայլը» դաշինքը և Հայկ Մարությանը լիակատար հաղթանակ են տարել ընտրություններում, ընդ որում Հայկ Մարությանը քաղաքապետ է դառնում առանց ավագանու կողմից լրացուցիչ քվեարկության: Լրագրողը նկատում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել ընտրակաշառքը քրեականացնող նոր օրենքի պայմաններում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ