Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտում ուժերի ներկայիս համամասնությունը հուշում է, որ մենք գնում ենք միաբևեռության. «Փաստ»

Սեպտեմբեր 25,2018 12:02

ԱՄՆ–ում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ–ում ներկայացված ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու խնդրի շուրջ: Փաշինյանի կողմից այս հայտարարությունը ամբողջովին տեղավորվում է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքների տրամաբանության մեջ: Անտրամաբանական կլիներ, որ 80 տոկոս ձայն ստանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ չլինեին այս հարցին: Ավագանու ընտրությունները Փաշինյանի համար ինդիկատոր էին, որ հնարավոր է կապիտալիզացնել հեղափոխության արդյունքները և դա պետք է անել հնարավորինս շուտ:

Այն, որ իշխանությունը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքի ստացած տոկոսները ամբողջովին տեղավորվում են հեղափոխության տրամաբանության մեջ, երկրորդ կարծիք լինել չի կարող: Տեղի է ունեցել այն, ինչ ենթադրվում էր՝ հասարակությունը վերահաստատել է իր վստահության մանդատը, որ ապրիլ–մայիս ամիսներին տվել էր հեղափոխությանը: Ամբողջովին ըմբռնելով տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը՝ ամեն դեպքում հարկ ենք համարում խոսել որոշակի վտանգների մասին, որոնք պոտենցիալ ունեն ապագայում ի հայտ գալու:

Խոսքը մասնավորապես քաղաքական դաշտի միաբևեռության մասին է: Բնականաբար, այս ընտրությունները իշխանության և նրանց համակիրների համար ավելին էին քան ընտրությունները, և դա են փաստում վերջիններիս ստացած ձայները: Բայց քաղաքական դաշտում ուժերի ներկայիս համամասնությունը հուշում է, որ մենք գնում ենք միաբևեռության: Ու եթե ինչ–որ ժամանակ այդ միաբևեռությունը նորմալ է լինելու՝ հաշվի առնելով հեղափոխության շուրջ լայն ժողովրդական զանգվածների կոնսոլիդացիան, ապա ապագայում, երբ քաղաքական կյանքը օբյեկտիվորեն ավելի խաղաղ հուն մտնի, մենք ունենալու ենք քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի վտանգ: Միաբևեռ քաղաքական համակարգի վտանգն ավելի է ամրապնդվում, եթե վերոնշյալին ավելացնենք, որ ըստ էության գործ ունենք ոչ թե մեկ քաղաքական ուժի դոմինանտության հետ, այլ մեկ անձի և այդ անձի հանդեպ ժողովրդական համակրանքի շուրջ կառուցված համադրության: Այս իմաստով միաբևեռության վտանգը առկա է նաև հենց իրենց՝ իշխանությունների համար, որոնք ևս խնդիր ունեն դառնալ քաղաքական ուժ և դուրս գալ բացառապես մեկ անձի հեղինակության հաշվին ձեռք բերվող քաղաքական դիվիդենտների հեշտ, բայց սպառվելու վտանգ ունեցող համակարգից:

Իշխանությունները, բնականաբար, պնդում են ու դեռ կպնդեն, որ այս միաբևեռությունը ժամանակավոր է և պայմանավորված է այս փուլում հեղափոխության արժեքները վերահաստատելու ձգտմամբ: Բայց ակնհայտ է, որ հեշտ չի լինելու այդ միաբևեռությունից դուրս գալ հետագայում՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ վիճակում են հին համակարգից մնացած քաղաքական ուժերը: Իհարկե, իշխանության հոգսը չէ մտածել, թե ինչ վիճակում է ընդդիմությունը, եթե ինքը՝ ընդդիմությունը, դրա մասին չի մտածում: Բայց քաղաքական դաշտի ձևավորման և ուղենիշերի սահմանման առաջին շահառուն հենց ինքը՝ իշխանությունն է, և այս իմաստով առնվազն կարիք կա հասկանալ եղած քաղաքական դաշտի հնարավորություններն ու ուրվագծել դաշտի ապագան: Ի վերջո, հեղափոխության ակտիվ փուլն անվերջ տևել չի կարող, և ինչ–որ պահից քաղաքական դաշտը պետք է գա զսպումների և հակակշիռների, բազմազանության դաշտ, որտեղ ընտրությունը կլինի ոչ թե բարու և չարի, սևի և սպիտակի, այլ ծրագրերի միջև: Եվ երբ այդ պահը գա, քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Այլապես մեզ կարող է սպառնալ միաբևեռությունից սահուն անցումն ավտորիտարիզմին: Իհարկե, այժմ այս մասին խոսելը վաղ է և նաև ոչ մոդայիկ, հաշվի առնելով հասարակական լայն կոնսոլիդացիան իշխանությունների շուրջ, բայց սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածել ապագայում:

Հեղափոխական օրինաչափությունն, իհարկե, իր կանոններն ունի, և այդ օրինաչափության թե՛ շահառուն, թե՛ պատասխանատուն իշխանությունն է: Բայց պակաս պատասխանատու չէ նաև քաղաքական այլ ուժերի բեռը: Եթե ավագանու ընտրությունների արդյունքներն իշխանության համար ստիմուլ են ԱԺ–ն ցրելու շուրջ բանակցություններ սկսելու համար, ապա ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի համար ընտրության արդյունքները պետք է լինեն ինդիկատոր քաղաքական վերանայումների գնալու համար: Խոսքը ոչ թե այն ուժերի մասին է, ովքեր ի սկզբանե մասնակցում էին ընտրություններին պարզապես մասնակցելու համար, այլ այն ուժերի, որոնք շարունակում են որոշակի քաղաքական հայտ ներկայացնել ներքաղաքական կյանքում:

Հեղափոխությունը բերել է իրերի նոր դասավորություն, քաղաքական դաշտը մտել է ակտիվ վերափոխումների դաշտ: Իհարկե, իշխանությունների անվերապահ հաղթանակը հիմա շատ տեղ չի թողնում մյուս ուժերի ինքնադրսևորվելու համար, բայց եթե այդ ուժերը մտածում և խաղում են ոչ թե մեկ օրվա և մեկ ամսվա կտրվածքով և ցանկանում են ամրագրել իրենց տեղը քաղաքական կյանքի «բարձրագույն խմբում», ապա առնվազն պետք է վերլուծեն ու խորապես ըմբռնեն ստեղծված նոր իրավիճակը և ըստ այդմ անեն հետևություններ ու այդ հետևություններից բխող քայլեր: Ոմանք գուցե անեն հետևություններ ու սկսեն աշխատել կուսակցական ծրագրերի վրա, ոմանք սկսեն վերանայել հռչակված բարձրագոչ թվերը սեփական համակիրների մասին ու գույքագրեն իրական ռեսուրսները, ոմանք էլ վերջապես ֆիքսեն, թե որն է քաղաքականության մեջ մնալու իրենց նպատակը, եթե այդ նպատակը որևէ հանրային աջակցություն չունի:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930