«Բարգավաճ Հայաստանը» արձանագրել է ուղղակի մեծ անկում: Եվ սա վերագրել միայն այն հանգամանքին, որ թավշյա հեղափոխություն էր, և Նիկոլ Փաշինյանն էլ բաժանել էր դաշտը սևի ու սպիտակի, կլինի պարզապես իրողությունները շրջանցելու փորձ: «Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել նոր իրավիճակում իր դերի ու տեղի, իր նշաձողի մասով և գործել է, ըստ էության, հին նշաձողի տրամաբանությամբ: Դրանից միակ շեղումը եղել է 2017 թվականի ապրիլի վերջին և մայիսի սկզբին, երբ ԲՀԿ-ն աջակցել է թավշյա հեղափոխությանը: Ընդ որում՝ այդ ժամանակ հեղափոխությանը միայն ծույլը չի աջակցել կամ ՀՀԿ-ն: Այնպես որ, դա նույնիսկ քաղաքական դիրքորոշում էլ չէր, այլ անելանելիություն կամ անխուսափելիություն: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստանը» աստիճանաբար հայտնվեց շփոթության մեջ, և Երևանի ընտրությունը, գործնականում, դրա առավել ցցուն արտահայտումն էր՝ հաշվի առնելով այն, որ ընտրությունը ենթադրում է որոշակի սահմանային, ժամանակային սղություն և, ըստ այդմ, իրավիճակի, հոգեվիճակի, տրամադրության և պատկերացումների խտացված դրսևորումներ:
Այս իրողությունը բերեց շարունակվող անկման, ինչը գործնականում ունի կանգ չառնելու մեծ հավանականություն: Համենայն դեպս, պահանջվում է արմատական շրջադարձ, ինչն ունի մի շարք բարդություններ: Դրանց հաղթահարման շատ թե քիչ հնարավորություն կլինի արտահերթ խորհրդարանի ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական գործակցության պատրաստակամությունը: Սակայն դա կարող է լինել կարևոր, այդուհանդերձ ոչ բավարար հանգամանք: Ինչպես կկողմնորոշվի ԲՀԿ-ն այս դեպքում, բավական բարդ է ասել՝ հաշվի առնելով այն, որ այդ ուժը, խոշոր հաշվով, ավելի հիմնավոր է եղել արտաքաղաքական գործոնների վրա, որոնք նախկին համակարգում ունեին առավել մեծ ազդեցություն, իսկ այժմ գրեթե զրոյական:
Ի վերջո` այստեղ ընդհուպ կարող են տեղ ունենալ հարցադրումներ կամ դիտարկումներ, թեկուզ առայժմ հռետորական, որոնք առնչվում են նախկին համակարգի հանդեպ ԲՀԿ «զգացումների» կամ «զգացմունքների» հնարավոր արթնացմանը, նոր իրողություններից «հիասթափության» հետևանքով: Կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն, չգտնելով իրեն նոր իրավիճակում, սկսել աստիճանական հայացք դեպի նախկին համակարգը և այն ներկայացնող տարբեր խմբեր կամ սեգմենտներ, մինչև անգամ Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ կարող են լինել բազմազան սցենարներ՝ ընդհուպ այն, որ ԲՀԿ-ն պարզապես այդ կերպ փորձի ներառվել այլ քաղաքական ֆորմատի մեջ, դադարելով իր ինքնուրույն կամ անվանական գոյությունը դաշտում: Այստեղ սցենարները կարող են լինել բազմազան:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում