Սեպտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ սկիզբ առան՝ կապված ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Мир 24-ին տված մի հարցազրույցի հետ։ Խոսքը վերաբերում էր ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրմանը։
Հայաստանյան ԶԼՄ-ները, հղում անելով Мир 24-ին, գրեցին, որ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել դոլարից և ԵԱՏՄ տարածքում անցնել միասնական արժույթի։ Հնչեցին քննադատություններ և անգամ վիրավորանքներ՝ հատկապես, որ շատերին թվացել էր, թե խոսքը նաև ազգային դրամից հրաժարվելու մասին է։
Փոխվարչապետը ստիպված եղավ պարզաբանում ներկայացնել և «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ «Միր 24» հեւտւստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։
Թեման դրանով փակվեց, ինչին նպաստեց նաև այն հանգամանքը, որ Երևանի ավագանու նախընտրական եռուն շրջանն էր, և բոլորի ուշադրության կենտրոնում քարոզարշավն էր։ Այժմ, երբ ընտրություններն ավարտված են, չէր խանգարի հետահայաց անդրադառնալ արժութային այդ աղմուկին, որպեսզի մութ կետեր չմնան։
Ուշագրավն այն էր, որ շատերը հաշվի չառան մի կարևոր հանգամանք. Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է, մինչև պետական պաշտոնի նշանակվելը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և լավ ծանոթ է ԿԲ մոտեցումներին։ Նրա պես մարդիկ, որպես կանոն, ուշադիր են իրենց շուրթերից դուրս եկած ցանկացած բառի նկատմամբ և դժվար թե չհամաձայնեցված ու անզգույշ արտահայտություններ անեն։
Շատերին կարող է նաև զարմանալի թվացած լինել, որ այս աղմուկին բացարձակապես անմասն մնաց արժույթի գծով ամենակոմպետենտ կառույցը՝ ՀՀ Կենտրոնական բանկը՝ որևէ կերպ չմեկնաբանելով այս խոսակցությունները։ Սակայն ԿԲ-ն միայն առաջին հայացքից էր լուռ։
Մհեր Գրիգորյանի հարցազրույցի հաջորդ իսկ օրը ԿԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է բարձր մակարդակի միջազգային համաժողով։ Այսինքն, ԿԲ-ն կարևորեց ազգային դրամի ներդրումն ու կայացումը՝ փարատելով այն մտավախությունները, որ Հայաստանը կարող է հրաժարվել ազգային արժույթից։
Իսկ դրանից երկու օր անց ՀՀ Կենտրոնական բանկում գումարվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը։ Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը։
Ինչպես տեսնում եք՝ ԵԱՏՄ տարածքում դոլարից հրաժարվելու և անգամ փոխադարձ առևտրում միասնական արժույթի անցնելու թեմայի մասին խոսք չկա։ Ինչը նշանակում է, որ նման հարց այս պահին օրակարգում չկա։ Համենայն դեպս, սա է ԿԲ-ի մեսիջը։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում