Թավշյա իշխանափոխության հասած պոպուլիստները հաղթեցին իրենք իրենց:
Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Այս անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու նրան ծափահարողները, տարիներ շարունակ հենց նախորդ իշխանություններին, ՀՀԿ-ին մեղադրում էին քաղաքական մենաշնորհ հաստատելու մեջ:
Հիմա իրենք, Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ճառերի ոգով, թե կուզեք՝ «դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում իրականացնում են: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն էլ որպես ասվածի արձանագրում:
Բայց այդ չէ միայն: Հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ արագընթաց ընտրարշավի, կարելի է ասել, ամբողջ ընթացքում, շարունակ այն էր քարոզում, որ ոչ թե պարզապես իրենց դաշինքի օգտին քվեարկեն ընտրողները: Ո՛չ: Քարոզում էր, որ միաձա՛յն իրենց օգտին քվեարկեն:
Քվեարկեցին: Գրեթե 300 հազար ընտրող, կոնկրետ, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ 294.109 ընտրող: Ուղղակի «փառահեղ» արդյունք է՝ վայել ավտորիտար, բռնատիրական ռեժիմներին, կամ, ասենք, միջինասիական «նավթագազային ժողովրդավարության» երկրներին, չհաշված Ադրբեջանը:
Ոմանք դեռ տաք-տաք են ու ցնծում են: Ոմանք նույնիսկ ջերմորեն շնորհավորում են միմյանց: Թե՝ ի՜նչ արդար, ազնիվ ընտրություններ եղան: Մե՞ջն ինչ: Մանավանդ որ այնքան էլ այդպես չէր: Մրցակիցների հանդեպ գերագրեսիվ հակաքարոզչությունը, որը նախաձեռնեց ու ծավալեց հենց իշխանական ուժը, ի դեմս «Իմ քայլի», պետական ապարատի հնարավոր բոլոր միջոցներով մրցակիցների նկատմամբ որոշակի քայլերը (գրասենյակների խուզարկում, «ասֆալտափռում», էլի նման բաներ):
Ընտրակաշառք չի՞ եղել: Այո, բարեբախտաբար, չի եղել, իսկ եթե եղել էլ է, կրկին՝ բարեբախտաբար, արդյունքների վրա էական ազդեցություն չի ունեցել: Բայց դա միայն ժամանակի հարց է: Եթե ամրապնդվի փաշինյանական ավտորիտարիզմը, ապա մի երկու տարի անց ընտրակաշառքին էլ կհասնեն: Եթե մարդիկ, ժողովրդավարական սկզբունքները տարփողելով, ոտնատակ են տալիս դրանց հիմքերը, նեղն ընկնելու դեպքում ավելի թունդ քայլերի էլ կարող են դիմել:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում