«Ժողովուրդն ազատագրվեց, ազատագրվեց նաեւ «դե յուրե»՝ իրավաբանորեն ձեւակերպելով իր ազատագրումը»․ այսպես գնահատեց նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ՀԱԿ կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
–Ինչ–որ անակնկալ Ձեզ համար եղա՞վ, այնուամենայնիվ։
-Շատ հաճելի անակնկալ եղավ։ Ես այսպիսի տոկոսներ չէի գուշակել։ Անկեղծորեն ասեմ՝ ակնկալում էի, որ «Իմ քայլն» առավելագույնը 60 տոկոս կստանա, բայց ժողովրդի ակտիվությունն ավելին էր, ոգեւորությունն ավելի մեծ էր, քան կարելի էր սպասել։ Մի հանգամանք էլ կար՝ մյուս ուժերը վերջին օրերին սխալ քարոզչություն իրականացրեցին։ Անվանական չեմ ուզում ասել, բայց հիմնական խաղացողների նյարդերը՝ նրանց, ովքեր կարող էին ավելի ձայն ստանալ, տեղի տվեցին, ու նրանք սկսեցին տակտիկական սխալներ գործել։ Այդ առումով նրանց տոկոսները մի քիչ քչացան։ Բայց մեկ է, որակը ժողովրդի բարձր մասնակցությունն է, ազատ մասնակցությունը։ Տեղամասերով ես նայում էի, կարող եմ ասել՝ այդքան հանգիստ ընտրություն չեմ հիշում, թե էլ երբ է եղել։ Այս առումով այս ընտրությունը կարելի էր համարել ժողովրդավարության ճանապարհին լրջագույն հաջողություն։
–Ի՞նչ անել ժողովրդավարության հաղթանակը չկորցնելու համար։
-Հնարավորինս շուտ պետք է անցկացնել խորհրդարանական ընտրությունները։ Ես, մենք դա միշտ ենք ասել։ Այս հրաշք էներգիան, որ ժողովրդի մեջ կա, պետք է դարձնել ստեղծագործ, արարիչ էներգիա, որ երկիրը մտնի անշրջելի ժողովրդավարության ուղի։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում