Պաշտոնական Բաքուն արցախյան ապագա բանակցությունները տապալելու «ելքեր» է փնտրում
Մինչ Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը մեկնեցին Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, Ադրբեջանից ինտենսիվ ռեժիմով Հայաստանի առնչությամբ քննադատական հայտարարություններ են հնչում:
Ակնհայտորեն պաշտոնական Բաքուն լուրջ անհանգստություններ ունի, այստեղ արդեն ցանկացած թեմայով Հայաստանը քննադատելու թեմա փնտրելու հարցում խտրականություն չեն ցուցաբերում: Ալիեւի թվիթերյան էջը վերջին օրերին ողողված էր Հայաստանի վերաբերյալ քննադատական գրառումների շարքով:
Օրինակ՝ սեպտեմբերի 22-ին՝ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ, «ուշագրավ էր» Ալիեւի թվիթերյան էջի հետեւյալ գրառումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել էր Երեւանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը, նա բացասական էր գնահատել այդ ընտրությունների վերաբերյալ միջազգային դրական արձագանքը, որոնք, բնականաբար, այդ պահին գոյություն չունեին: «Միջազգային դիտորդների դրական արձագանքը ՀՀ-ում կայացած վերջին ընտրություններին պետք է հետաքննվի»,- սեպտեմբերի 22-ին գրել էր Ալիեւը։
Ալիեւի քննադատությունների շարանը բնականաբար առնչվում էր Արցախին: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պատասխանատվության զգացում չունեն, հանդես են գալիս «հիմար հայտարարություններով» եւ «այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք նպաստում են սահմանին լարվածությանը»: «Ադրբեջանական բանակը տալիս է եւ կշարունակի արժանի դիմադրություն տալ, ինչպես որ նրանց սանձեց 2016թ. ապրիլյան մարտերի ժամանակ, ազատեց մեր տարածքների մի մասը»,- նշել է Ալիեւը՝ սպառնալով. «Մենք հետագայում էլ անհրաժեշտ պահին ծանրակշիռ հակահարված կտանք նրանց»: Ալիեւը հայտնել է, որ այդ քաղաքականությունն իրենք կշարունակեն, ավելի կամրապնդեն բանակը, կավելացնեն դրա բյուջեն եւ կբազմապատկեն բանակի մարտունակությունը:
Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս՝ նշել է Ադրբեջանի նախագահը: «Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պատմական հող է, եւ այն ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»,- ասել է Իլհամ Ալիեւը Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված նիստի ընթացքում: Ալիեւը հավելել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է։
Ալիեւի հայտարարություններն ամբողջացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Լեռնային Ղարաբաղ, որը պաշտոնական Բաքուն դիտարկում է որպես «սադրանք՝ ուղղված Ղարաբաղյան կարգավորման տապալմանը»: «Հայաստանի ղեկավարության այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ եւ կատարված ագրեսիվ հայտարարությունները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին, վկայում է հայկական ղեկավարության կողմից դիտավորյալ իրավիճակը բարդացնելու մտադրությունների մասին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ Հայաստանը վերջին օրերի ընթացքում պարբերաբար քայլեր է ձեռնարկում շփման գծի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակը լարելու ուղղությամբ. «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին միջոցներ ձեռնարկել՝ զերծ պահելու Հայաստանին նման սադրիչ քայլերից եւ հայտարարություններից, որոնք վնասում են բանակցային գործընթացին: Ադրբեջանական հողերի օկուպացման, այդ տարածքներում օրենքի բազմաթիվ խախտումների եւ սահմանամերձ գոտում առաջացող լարվածության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա»:
Պաշտոնական Բաքվի ջղաձգության պատճառները թերեւս կապված են հայաստանյան իշխանությունների նկատմամբ հասարակական մեծ վստահության հետ: Ըստ երեւույթին, Ալիեւը կանխազգում է, որ ապագայում արցախյան բանակցություններում Հայաստանի իշխանությունը հանդես է գալու ուժի դիրքերից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան թեմայով հայտարարություններով թեեւ փաստում էր, որ պատրաստ է խաղաղ բանակցություններին, բայցեւ հստակ հասկացնել է տվել, որ անհարկի զիջումներ չեն լինելու, եթե Ադրբեջանը շարունակելու է սպառնալիքի լեզվով խոսել, սահմաններում լարվածություն պահպանել եւ որեւէ զիջման գնալու պատրաստակամություն չհայտնել:
Ի դեպ, նկատենք, որ անցյալ շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես եկավ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հետեւյալ մեկնաբանությամբ։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաեւ սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։
Վերոնշյալ հայտարարությունը նույնպես պաշտոնական Բաքուն բավական նյարդային ընդունեց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դուրս է կազմակերպության մանդատի շրջանակներից՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական պարտականությունները, հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության մասին հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերպության շրջանակից: Հայաստանի քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ եւ կանխակալ է եւ, բացառությամբ Հայաստանի, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ-երկրների դիրքորոշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսպես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկից առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելուց առաջ պաշտոնական Բաքուն Երեւանի վրա է գցում «բանակցային գործընթացը խափանելու» մեղքը՝ մատնացույց անելով Հայաստանի վարչապետի հայտարարությունները:
Ըստ ամենայնի, վստահ լինելով, որ միջազգային հանրությունն առաջիկայում Արցախյան բանակցությունների կազմակերպում է ակնկալում, պաշտոնական Բաքուն արդեն իսկ դրանք փակուղային դարձնելու ճանապարհին «ելքեր», «հիմնավորումներ» է փնտրում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
25.09.2018