Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:
Վարչապետը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը: «Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ: Այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում: Այն մեզ աննախադեպ հնարավորություն տվեց հայկական մշակույթն իր յուրահատուկ բազմազանությամբ ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը: Որպես Միացյալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադեպ իրադարձային մշակութային տարվա գագաթնակետը` այժմ ես մեծ պատիվ ու անձնական ուրախություն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդեսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդես»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ այն ներկայացնում է հայկական ինտեգրված մշակույթը, որպես նաև արևմտյան մշակույթի և քրիստոնյա քաղաքակրթության ներկայացուցիչ:
Վարչապետը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված 14 դարերի հայկական ժառանգությունն իր անգին գլուխգործոցներով, ամբողջ աշխարհից հավաքվել է Մետրոպոլիտենում` աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկում, և համոզմունք հայտնել, որ այն, անկասկած, Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ ընկալումն ու գնահատականը: «Այս նշանավոր նախաձեռնության շնորհիվ Մետրոպոլիտենի տասնյակ հազարավոր այցելուներ կծանոթանան մեր ազգի պատմական և մշակութային ժառանգությանը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր ներկայացվում են ավելի քան 140 նմուշներ` պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղաեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ»,- ասել է վարչապետը` հավելելով, որ շատերի համար Մետրոպոլիտենում «Հայաստան» ցուցահանդեսը երազանքի իրականացում է: Վարչապետը հավելել է, որ այն հնարավոր է դարձել տիկին Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի նախագահ Դանիել Վայսին, թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, միջոցառման համակարգողներին, ինչպես նաև բոլոր անհատ նվիրատուներին, հիմնադրամներին, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարաններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Ցուցահանդեսը ներկայացնում է հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված են թվով 140 նմուշներ:
Պիցակ չէ, ՊիԾակ (ծ-ով), որ նաեւ փոքրիկ խայթող միջատն է:
Շնորհակալություն: Հաղորդագրությունը տարածողի սխալն էր՝ ուղղեցինք: