Լրահոս
Օրվա լրահոսը

80 տոկոսի դիրքորոշումը

Սեպտեմբեր 25,2018 10:00

Երեւանի ավագանու ընտրություններն ազատ եւ ժողովրդավար էին, դրանց արդյունքների վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա։ Ընտրությունների խնդիրը ոչ այնքան Երեւանի ավագանի ընտրելն էր, որքան Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն, եւ այդ խնդիրը լուծվեց փայլուն կերպով՝ Փաշինյանին վստահում է երեւանցիների (եւ, վստահ եմ, նաեւ հայաստանցիների) 80 տոկոսից ավելին: (Ի դեպ, կիրակի օրը ընտրողների 43 տոկոսանոց ներկայությունը նորմալ թիվ է տեղական ընտրությունների համար, Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում թիվն ավելի մեծ չէր):

Անձամբ ես եթե երեւանցի լինեի, «Իմ քայլը» դաշինքին ձայն չէի տա: Ոչ թե այն պատճառով, որ Հայկ Մարությանն ինձ դուր չի գալիս՝ ճիշտ հակառակը: Ինձ դուր չի գալիս բոլորովին այլ բան՝ երբ ինձ սպառնում են գոյություն չունեցող վտանգներով. «Եթե «Իմ քայլը» չհաղթի, արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ ՀՀԿ-ն կամ Քոչարյանը կվերադառնան իշխանության»: Ինչի՞ համար է խոսվում այն բաների մասին, որոնք երբեք տեղի չեն ունենա: Քոչարյանը կամ ՀՀԿ-ն այլեւս երբեք իշխանության չեն գա, արտահերթ ընտրություններ անպայման տեղի կունենան՝ դա բոլորիս ցանկությունն է՝ տվյալ դեպքում ոչ թե 80, այլ 99 տոկոսի:

Վերապահումով եմ վերաբերվում նաեւ այն պնդմանը, թե ժողովուրդն արդեն դարձել է քաղաքացի։ Ինչպես ճիշտ նկատեց ծանոթներիցս մեկը, քաղաքացին լիդերի անունը չի վանկարկում։ Եթե վանկարկում է, ուրեմն նա ապավինում է ոչ թե պետական մեխանիզմներին, այլ «փրկչի» զորությանն ու բարի կամքին։ Մարդկանց չեն հետաքրքրում քաղաքի խնդիրները եւ ընդհանրապես պետության հեռանկարները։ Նրանց հետաքրքիր է, թե երբ եւ ինչպես են պատժելու «նախկիններին»:

…ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, որը, ի դեպ, ոչ քրեական հեղինակություն է, ոչ էլ օլիգարխ, վթարի էր ենթարկվել՝ բարեբախտաբար, առանց լուրջ հետեւանքների։ Այդ տեղեկատվության տակ համացանցի մի քանի տասնյակ օգտատերեր գրեցին մեկնաբանություններ, որտեղ, եթե մեղմ ձեւակերպենք, բուռն ցանկություն էր արտահայտվում, որ այդ վթարը ողբերգական ավարտ ունենար: Դա մի խումբ շեղված մարդկանց դիրքորոշում չէ, այդպես է մտածում ժողովրդի մեծամասնությունը։ Հավանաբար, 80 տոկոսից ավելին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այո, ընտրողների 43 տոկոսանոց ներկայությունը շատ նորմալ թիվ է, որեւէ քաղաքապետական ընտրութիւնների համար:
     
    Սակայն վստահաբար ոչ՝ հանրաքուէի մը համար: Այդ ալ, յեղափոխական հանրաքուէ մը:
     
    Իսկ եթէ այդ հանրաքուէն սահմանափակուած է մէկ քաղաքով, այս պարագային, Յեղափոխութեան էպիկենտրոնն  է դա, եւ օրեր շարունակ Յեղափոխութեան ղեկավարը, անձամբ, հարթակների վրայէն ոչ մի ջանք չխնայեց, որ ժողովուրդը ներշնչուի, խանդավառուի ու անպայման երթայ եւ քուէ տայ այդտեղ իր թեկնածուին, իր խօսքերով իսկ՝ որպէս զօրակցութեան էական նշան իրենց ընդհանուր շարժումին եւ անոր յաջողութեան:
     
    Ոչ մէկ հրճուանք չկայ այս հաստատումին մէջ, որովհետեւ դէպքերու ներկայ դրութեամբ, նախընտրելի պիտի ըլլար որ նոր իշխանութիւնը իսկապէս, ինչպէս որ Ֆէյսպուքեան լայքերով եւ յորդառատ իմոճիներով, իրականութեան մէջ ալ ունենար ժողովրդային մասսայական եւ եռանդուն աջակցութիւն: Որպէսզի, անկախաբար որեւէ անձնական զգացումներէ, գոնէ բոլոր առողջ մտքերը մի քիչ հանգստանան որ շուտով կայունութիւն կը գոյանայ այդ խոցելի երկրում, մինչ սեւ ամպերը կը շարունակուին կուտակուին վերեւը:
     
    Ընդդիմադիր դարձած բոլոր հին ուժերը պէտք է որ քաշուին, արագօրէն, ու քաղաքական բեմը լիովին յանձնեն նոր իշխանութեան, ինչպէս որ կատարեց նախկին վարչակարգի պետը: Սա է միակ ելքը այս այլապէս աղետալի կացութիւնից: Յետոյ է որ անոնցմէ մաքուր ու արժանի եղողները կը բանակցին իրենց վերադարձի կարելիութիւնը պետական ծառայութեան մէջ:

  2. դաշնակահար says:

    Դաշնակցությունն է՞լ պիտի քաշվեն հետ։ Պարոն, կներեք, ընկեր, պալկովնիկ, հույս ունեք նոր իշխանությունմերի սխալների վրա հետ գալ իշխանական կոալիցիա՞։

  3. Հ.Շ. says:

    Դաշնակցութիւնը երբեք պէտք չէ մասնակցեր որեւէ ընտրութեան Հայաստանի մէջ, առաջին օրէն սկսեալ: Դաշնակցութիւնը պէտք չէ այդ աստիճան տեղաւորուէր նոյնիսկ, որեւէ քաղաքական ոլորտում, Հայաստանի մէջ: Պարապ տեղը ինքզինք փճացուց, ուղղակի այդ պատճառներով: Շնորհաւորութիւն ձեր բոլորին: Կայսրութիւնների չկարողացածը ձեւական «պետութիւն» մը յաջողեցաւ: Պրավո:

    • Հ.Շ. says:

      Այդ հիմնական հաստատումէն ետք – զորս կարծածնէդ շատ աւելի տարածուած է Սփիւռքի մէջ, եւ այդ ալ, նորէն ասեմ՝ Անկախացամն առաջին օրէն իսկ սկսեալ եւ անկէ ի վեր շարունակաբար -, այն ինչ կը վերաբերի, մասնայատուկ կերպով, վերջին ամիսների իրադարձութիւններին՝ բացի դաշնակցական կարգ մը կորիզային շարքայիններէն եւ նրա թունդ համակիրներէն, ժողովուրդին մէջ ոչ ոք կրնար բարեացակամ կերպով հասկնալ թէ ոնց կարող է նոյն կուսակցութեան նոյն խմբակը քսան տարի համագործակցիլ մի վարչակարգի հետ, յետոյ անմիջապէս՝ միանալ այդ վարչակարգը փողոցի հարկադրանքի տակ տապալող ուժին: Հետեւաբար, դաշնակները պէտք է որ ձեռնպահ մնային, ԱԺ-ում այժմու վարչապետի ձեւական – եւ սահմանադրականօրէն արդէն անվաւեր – «ընտրութեան» քուէարկութեան, եւ ապա լուր ու մունջ քաշուէին քաղաքական լուսանցքի մէջ:

      Հետաքրքրական է սակայն որ Պարոն Փաշինյանը դեռ խնայում է այս կուսակցութիւնը: Պատճառը շատ պարզ է՝ այդ համաշխարհային կազմակերպութեան հեղինակութիւնն ու ռեսուրսները, Սփիւռքի մէջ: Այսինքն, Վարչապետի վերաբերմունքը այս կուսակցութեան նկատմամբ, կը դասաւորուի երկրին համար դրամական արտաքին աջակցութիւն եւ ներդրումներ որսալու – մուրալու… – լեղապատառ ջանքերու ծիրին մէջ: Այդ ալ վայել չէ «Յեղափոխականութեան»: Եթէ եղունգ ունիս, ապա գլուխդ քերէ, ինչպէս կ’ըսենք մենք, ախպարներս:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930