Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային վարկի ապահովման դիտակետից

Սեպտեմբեր 24,2018 22:11

Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական  եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։

Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային եւ թե՛ քաղաքական ընդհանուր համոզվածություն։

Ահա այստեղ է, որ ներհայաստանյան կարեւորագույն համայնքի ընտրությունները իրենց  վրա են կենտրոնացնում արտաքին գնահատականների պաշտոնական արձագանքները։ Միջազգային ընտանիքի տարբեր ներկայացուցիչներ հաստատում եւ դեռևս տարբեր առիթներով պիտի հաստատեն ընտրական մշակույթի նոր թռիչք արձանագրելու փաստը մեր երկրում։

Բացարձակ պարզամտությամբ չպետք է մոտենալ իհարկե նման գնահատականների ապաքաղաքական լինելուն։ Դիտորդների, միջազգային կառույցների, գերտերությունների արտաքին գործերի գերատեսչական բաժանմունքների հայտարարությունները նկատում են եւ համապատասխան արժեւորում այն՝ ինչ որ իրենք ուզում են նկատել եւ բնականաբար չեն նկատում՝ այն ինչը չեն ուզում նկատել։

Թվում է այս դեպքում, որ մեր երկրի ժողովրդավարացմանը միտող քայլերը մանրադիտակի տակ են առնվել։ Եւ գեթ դեկլարատիվ մակարդակի վրա իրադարձություններն ստանում են դրական արձագանքներ։ Թե՛ թավշյա հեղափոխությունը, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարը եւ թե՛ այժմ էլ ավագանու ընտրությունները իրենց վրա են հրավիրել ինչպես գերտերությունների, այնպես էլ միջազգային ընտանիքի հետ առնչություն ունեցող տարբեր համաժողովների  ուշադրությունը։

Դեկլարատիվ մակարդակի միջազգային ընդհանուր դրական մթնոլորտի ցուցանիշներից կարելի է համարել Եվրախորհրդարանի բանաձեւը, ՄԱԿ-ի առաջին դեմքի հայաստանյան իրադարձություններին տված աննախադեպ գնահատականը, պատմական ակնարկներով Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային խնդիրների ուղղությամբ նուրբ ուղերձներ փոխանցող ԱՄՆ նախագահի եւ Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով հղած շնորհավորագրերը։ Բնականաբար դրանք բոլորը ունեն նաեւ աշխարհաքաղաքական-տարածաշրջանային ենթաշարժառիթներ, որոնք կգան լրացնելու դեպի Երեւան դրական ազդակներ հղելու այդ երկրների ընդհանուր քաղաքականությունը։ Եւ, ըստ էության, անտեղի չէ Ադրբեջանի նախագահի կանխահաս անհանգստությունը Երեւանի ընտրություններին՝ միջազգային դիտորդների տված դրական գնահատականի ուղղությամբ։

Երեւանի ավագանու ընտրությունները իբրեւ կազմակերպման եւ կայացման եղանակ նախաբանային իմաստ ունեն առաջիկա արտախորհրդարանական արտակարգ ընտրությունների համար։ Խորհրդարանական ընտրությունների համար ժամկետների ճշտման նպատակով խորհրդակցությունների մեկնարկն արդեն հայտարարվել է։ Քաղաքական երկխոսության հարթակը պարտադիր է։ Հասկանալի է, որ ընտրության արդյունքները կարող են ազդեցիկ հանգամանք ունենալ խորհրդարանի լուծարման կամ քաղաքական բանաձեւումով՝ նոր իրադրությամբ գոյացած իրավիճակում նոր ԱԺ-ի  ձևավորման որոշման համակողմանի ընդունման։

Հանգուցալուծումները իրավական հարթությունում պահելու համակողմանի մոտեցումը կնպաստի մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը, որի ենթահողը հայտնապես գոյացել է՝ նկատի ունենալով միջազգային դրական արձագանքներն ու հակառակորդի բացահայտ անհանգստությունները։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930