Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում երբեք հակաիսրայելական հիստերիա չի բարձրացել». Արմեն Պետրոսյան

Սեպտեմբեր 24,2018 21:33

Իսրայելական The Jerusalem Post-ի վերլուծաբան Արիե Գուտը հերթական հոդվածում ներկայացրել է վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանի այցն Ադրբեջան՝ առիթը բաց չթողնելով սեւացնելու Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը: Հոդվածագիրն ադրբեջանամետ գնահատականներ է տվել, իսկ Հայաստանի՝ Իսրայելի հանդեպ տրամադրվածությունները «հիստերիա» որակել: Aravot.am-ը թեմայի շուրջ զրուցել է արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ներկայումս որքանո՞վ են տեսանելի Իսրայել-Ադրբեջան մերձեցման նոր հնարավորություններ:

-Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում նոր զարգացումներ, անշուշտ, սպասելի են եւ բխում են երկու երկրների խորքային՝ քաղաքական, ռազմավարական, տնտեսական շահերից: Կարճաժամկետ հեռանկարում համագործակցության նոր հնարավորություններ կանխատեսելի են հատկապես էներգետիկ, ռազմարդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում, իսկ նման հեռանկարը պայմանավորված է նաև գործակցությունը խորացնելու երկուստեք ցանկությամբ: Վերոնշյալին հավելած՝ Իսրայելի քաղաքական շրջանակներում որոշ խմբեր եւ անհատներ ակտիվ քարոզչական գործունեություն են ծավալում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման օգտին:

-Ձեր գնահատմամբ, Իսրայել-Ադրբեջան հնարավոր մերձեցումն ինչո՞վ է վտանգավոր  Հայաստանի համար:

-Կարծում եմ՝ չպետք է խնդիրն այդ տեսանկյունից դիտարկել: Վտանգներ փնտրելու փոխարեն անհրաժեշտ է գտնել ուղիներ Երևան-Թել Ավիվ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Իսկ ներկայացված հարցադրման համատեքստում հարկ է նշել, որ Իսրայելը կարեւոր պետություն է Մերձավոր Արեւելքում, որտեղ ծավալվող որոշ գործընթացներում ունի լուրջ դերակատարում: Բացի այդ, այն հետաքրքրություններ ունի նաեւ մեր տարածաշրջանում, որոնք պայմանավորված են տնտեսական, ռազմավարական շահերով, եւ անշու՛շտ, նաև Իրանի հետ հակամարտությամբ: Վերջին տեսանկյունից Իսրայելը գործընկերների ընտրության հարցում նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, քանի որ նաև հակաիրանական քաղաքականության հարցում կողմերի շահերը համընկնում են: Հայաստանի հանդեպ սպառնալիքներ, որպես այդպիսին, չեմ առանձնացնի: Անշուշտ, որոշակի անհանգստություն կարող է առաջանալ Ադրբեջան-Իսրայել ռազմական գործակցությունից, հատկապես՝ Բաքվին իսրայելական նորագույն սպառազինության վաճառքից: Մինչդեռ այս ուղղությամբ ևս խնդիրը, կարծում եմ, լուծելի է, որովհետեւ ՀՀ ունի եւ կարող է ձեռք բերել, նաև՝ ստեղծել համարժեք, կամ՝ անհրաժեշտ պաշտպանական սպառազինություն:

-Ձեր կարծիքով, որքանո՞վ է հիմնավորված հոդվածագրի այն գնահատականը, որ ապրիլյան դեպքերից հետո Հայաստանում որոշակի «հակաիսրայելական հիստերիա» է բարձրացել, իսկ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին ոչ մեկ իրավունք չունի միջամտել:

-Հայաստանում երբևէ հակաիսրայելական հիստերիա չի բարձրացել, պարզապես հասարակական եւ քաղաքական մակարդակներում արտահայտվել է որոշակի դժգոհություն, ինչը բնական է: Բացի այդ, պետք չէ լրջորեն մոտենալ Արիե Գուտի հրապարակային գործունեությանը, քանի որ նա ծագումով Ադրբեջանից է եւ Ադրբեջանի շահերի հայտնի քարոզիչ. նա մշտապես հանդես է եկել հակահայկական դիրքերից՝ նսեմացնելով հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարը:

-Իսրայելի Պաշտպանության նախարարը, ինչպես հոդվածում է ասված, նշել է, որ իր երկիրը կոչ է անում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Սա ինչպիսի՞ ազդակ է Հայաստանի համար՝ Իսրայելի հետ հետագա հարաբերություններում:

-Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները չի կարելի հիմք ընդունել՝ ՀՀ-Իսրարել հարաբերությունների զարգացման հեռանկարի ենթատեքստում: Նա հայտնի ադրբեջանամետ լոբբիստ է եւ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ, ու իր քաղաքական գործունեության մի զգալի հատվածը ծառայեցնել է նաև Բաքվի հետ հարաբերությունների խորացմանը: Հետևաբար, պարզ է, որ նրա հայտարարությունները պետք է բխեն Ադրբեջանի շահերից: Գտնում եմ, որ նրա գնահատականները պետք չէ որպես կողմնորոշիչ համարել: Հակառակը, հայկական կողմը Իսրայելում հայ համայնքի շնորհիվ իսրայելական քաղաքական, հասարակական մակարդակներում պետք է ակտիվ գործունեություն ծավալի համապատասխան շրջանակների հետ, որոնք այդ երկրում կարող են նպաստել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործընթացին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930