Թեեւ «Հոդված 3» ակումբում այսօր քննարկվում էր Երեւանի ավագանու երեկվա՝ սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունը, սակայն շոշափվեց նաեւ ՀՀ ԱԺ հնարավոր արտահերթ ընտրության թեման։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանն արձանագրեց, որ այս ընտրություններում զգացվում էր ՀՀԿ-ի ուրվականի ներկայությունը։ Ըստ նրա, այս տարվա ապրիլ-մայիսին Նիկոլ Փաշինյանը հաջողեց Հայաստանն ազատել քաղաքական դաշտը անապատացրած հանրապետական իշխանությունից։
Հիմա ամենալուրջ մարտահրավերը միակուսակցականությունից խուսափելն է։ Անդրանիկ Գրիգորյանը վստահ է, որ Երեւանի ավագանու ընտրության արդյունքում հաղթել է «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը, մարդիկ վստահության քվե են տվել Նիկոլ Փաշինյանին ու նա պիտի կատարի խոստումն ու օր առաջ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությանը կողմ են նաեւ «Լույս» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը հավատացնում է, որ պետք է կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություն, որին իրենք անպայման մասնակցելու են։ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանն էլ պնդում է, որ եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, ապա արտահերթ ընտրություններ տեղի կունենան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ