Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, թեև Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը մեծ դեր ունեցավ․ նա գլխավորեց քարոզարշավը, սակայն Հայկ Մարությանն էլ, այսպես ասած, կորած կադր չէ։
«Հայկ Մարությանը քաղաքականությամբ շատ վաղուց է զբաղվում, միայն բավական է հիշել նրա մասնակցությունը տրանսպորտի դեմ թանկացման գործընթացին, երբ ուղղակի ցույց տվեց, որ կարող է միավորել մարդկանց։ Հայկ Մարությանին պետք չէ ընդունել որպես միայն կոմիկ դերասան, Հայկ Մարությանը նաև լավ բիզնեսմեն է․ այդ 5 տունը Պրահայում, մեկ տունը Երևանի Հյուսիսային պողոտայում, դա ցույց է տալիս, որ այդ անձը բիզնեսից լավ էլ հասկանում է, լավ մենեջեր է։
Ուղղակի պետք է ինքն իրեն շրջապատի բանիմաց մարդկանցով։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն ահռելի մեծ է, 70 տոկոսը գնացել, ընտրել են Նիկոլ Փաշինյանին, բայց Հայկ Մարությանն ինքն էլ խարիզմատիկ դեմք է։ Ճիշտ է՝ քարոզարշավի ժամանակ «կիքսերը» նրա թիմի թուլությունն էին, լավ չէին աշխատել նրա ելույթների վրա, բայց Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն իրենն ասեց, հիմա մնում է, որ Հայկ Մարությանն իրոք կատարի այն բոլոր խոստումները, որ ինքը տվեց երևանցիներին և այդ ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքը կամ իր համակիր կուսակիցներին գծերի տեր դարձնելը հանկարծ տեղի չունենա», -ասաց Գագիկ Համբարյանը։
Ըստ մեր զրուցակցի, 1991 թվականի հոկտեմբերից ի վեր սրանք առաջին ընտրություններն էին Հայաստանում, որոնք անցան առանց կոպտագույն խախտումների, առանց ընտրակաշառքի, առանց մադկանց կամքին բռնանալու ու ընտրատեղամասեր տանելու, առանց թաղային հեղինակությունների։ Միակ մտահոգողը, ըստ քաղաքագետի, ընտրողների սակավ մասնակցությունն էր․Երևանի ընտրություններին չեն մասնակցել ընտրողների 56,35 տոկոսը։
«Պատճառները օբյեկտիվ ու սուբյեկտիվ են։ Ես հասկանում եմ, որ շատ-շատ երևանցիներ, որոնք իրավունք ունեին ընտրելու, Հայաստանի Հանրապետությունում չեն, բայց միևնույն ժամանակ չենք կարող ասել, որ կես միլիոնից ավելի ընտրողները, որոնք չեկան ընտրության, բոլորը Հայաստանից բացակայում են։ Իհարկե, 2,5 տոկոսով ավել էին մեկ տարի ու կես առաջ տեղի ունեցած ընտրություններից։ Ես մտածում էի, որ թավշյա հեղափոխությունից հետո հավատը ընտրությունների միջոցով որևէ բան վերափոխելու, կվերականգնվի, բայց, ցավոք սրտի, ընդամենը 2,5 տոկոսով ավել եկան 2017 թվականի համեմատ, և սա մի փոքր մտորելու առիթ է տալիս։ Իսկ այլ առումներով Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը տեղի չէր ունեցել 17 տարի։
Այսինքն` ազատ կամքի դրսևորում՝առանց բռնության, առանց ընտրակաշառքի, առանց գազելների մարդկանց հոսքը ընտրատեղամասեր ապահովելու, առանց թաղային հեղինակությունների։ Չնայած պիտի արձանագրենք, որ որոշ օլիգարխների այսպես ասած «տասովշիկները» շատ ակտիվ մասնակցում էին համապատասխան թեկնածուի համար ձայներ ապահովելուն։ Դա էլ կար, բայց ինչ ուզում է լինի, այս ընտրությունները որակապես և բովանդակային առումով, շատ տարբերվում էին 2017 թվականի և մինչ այդ տեղի ունեցած բոլոր ընտրություններից»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ