Այսօր Վանաձորում մամուլի ասուլիս էին հրավիրել Հիմնադիր խորհրդարանի անդամները: Հանդիպման սկզբում բանախոսները խոսեցին «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին, նշելով, որ սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո կարելի է համարել, որ «Սասնա ծռեր» կուսակցությունն այլեւս գոյություն ունեցող մարմին է:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ը սատարում է ներկայիս իշխանություններին՝ հեղափոխության վերջնական նպատակին հասնելու համար: Իսկ թե ինչո՞ւ որոշեցին կուսակցություն ստեղծել, Գեւորգը պարզաբանում է. «Մեր գաղափարները հանրությանը լսելի դարձնելու միակ ճանապարհն է՝ թե՛ սփյուռքահայությանը, թե՛ Հայաստանի խորհրդարանին: Սա միակ ճանապարհն է, որ մենակ կարողանանք մեր գաղափարներն ու նպատակները, մեր ազգի ընդհանուր նպատակները փոխանցել հանրությանը: Մենք իշխանության կողքին ենք եւ պատրաստ ենք ներկայիս իշխանությանն օգնել ցանկացած հարցում : Մենք մեր աջակիցներին հորդորում ենք աջակցել այս կառավարությանը: Գաղափարական որոշ հարցերում մենք ունենք ընդհանրություններ, որոշ հարցերում՝ տարբերություններ»:
Ասուլիսին ներկա Արեգ Կյուրեղյանն իր խոսքը սկսեց Հայկ Մարությանին շնորհավորելով. «Հուսով ենք, հեղափոխության հաջորդ քայլը շուտով կհասնի Լոռի, Վանաձոր եւ այստեղ էլ ՀՀԿ-ի քաղաքապետը շուտով կմիանա Տարոն Մարգարյանին»:
Սերգեյ Կյուրեղյանն էլ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք երկար տարիներ է պայքարում են ռեժիմի դեմ: Իսկ այսօր այդ պայքարը շարունակում են՝ իրենց երազանքներին հասնելու համար. «Այդ պայքարը հենց այնպես ռեժիմի հեռացման համար տարվող պայքար չէր, դա մեր նպատակների եւ երազանքների իրականացման համար տարվող պայքար էր, որտեղ ռեժիմի հեռացումն անհրաժեշտություն էր: Եվ այսօր մենք դասական ոճով շարունակում ենք մեր պայքարը՝ մեր երազանքների ու նպատակների իրականացման համար»:
Շարունակելով գործընկերոջ խոսքը, Տիգրան Մանուկյանն էլ գտնում է, որ վերջնական հաղթանակին հասնելու համար, պետք է ազատվել նախկին իշխանության հետնորդներից. «Ցավոք դեռեւս նախկին ռեժիմի հետնորդները մնացել են, եւ նույն համախմբվածությամբ ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը պետք է իր մեջ ուժ գտնի, որպեսզի հեռացնեն նաեւ նրանց հետնորդներին: Նրանց հետնորդները դեռեւս վխտում են, եւ խանգարում են մեր հասարակության զարգացմանը: Պետք է ասեմ, որ այս իմաստով մարզերում երիտասարդների շրջանում պասիվություն կա»:
Բանախոսները դժգոհեցին ներկայիս դատական համակարգից, ասելով, որ համակարգը պետք է ամբողջովին փոխվի: Տիգրան Մանուկյանն այն կարծիքին է, որ եթե չձեւավորվի նոր դատական համակարգ, իրենք կրկին կհայտնվեն բանտում. «Եթե չստեղծվեց նոր դատական իշխանություն, անխոս վաղ, թե ուշ նրանք իրենց կեղտոտ գործն անելու են եւ մենք հայտնվելու ենք բանտերում: Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում երբ որ կձեւավորվի նոր խորհրդարան, նոր մարմիններ, իշխանությանն արդեն կանցնի ավելի խորքային քայլերի եւ դատական իշխանությունը պետք է փոխվի: Այս իշխանությունը նախորդ իշխանության մնացորդներն են: Այս դատական իշխանությունները պետք է տապալվեն, եւ նոր դատական իշխանությունների դեպքում վստահ եմ, որ մենք կարդարացվենք ապստամբության իրավունքով»:
Հիմնադիր խորհրդարանի անդամները նշեցին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը դատական պրոցեսի ավարտից հետո, երբ բոլոր անդամներն ազատության մեջ կլինեն, այլեւս գոյություն չի ունենա: Փոխարենը կստեղծվի մի կուսակցությունը, որը կունենան նոր գաղափարներ: Իսկ թե խմբավորումից ո՞վ կմիանա կուսակցությանը, դեռ հստակ չէ: Նրանց խոսքով՝ գուցե լինեն որոշները, որ չեն ցանկանա միանալ իրենց: Կուսակցության ձեւավորումից հետո «Սասնա ծռեր»-ի առաջին քայլը կլինի պատրաստվել արտահերթ ԱԺ ընտրություններին. «Այն ժամանակ երկրում տիրում էր բռնատիրական իշխանություններ եւ ընտրություններ հասկացություններն, ըստ էության, գոյություն չունեին, կային ինչ-որ մարդիկ, գնում էին, ինչ-որ թղթեր էին գցում, բայց ընտրությունը դեռ չսկսած իշխանությունները գիտեին ընտրության ավարտն ինչպիսին է լինելու: Տվյալ պարագայում մասնակցել ընտրություններին անիմաստ էր: Վերջին իրադարձությունները բերեցին նրան, որ Հայաստանում հնարավոր են ազատ եւ անկախ ընտրություններ: Երեւանի ընտրությունները մենք տեսանք ինչպես անցկացվեցին: Մենք համոզված ենք, որ նաեւ համապետական ընտրություններն են անցնելու ազատ եւ անկախ: Այս պարագայում, այլեւս հնարավորություն է ընձեռված քաղաքական ուժերին դրսեւորվել ընտրությունների միջոցով: Սա էր պատճառը, որ մենք նախկինում չէինք մասնակցում ընտրություններին»,- պարզաբանեց Գեւորգ Սաֆարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ