Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն է առաջինը խախտել քվեարկության գաղտնիությունը՝ քվեարկելուց հետո ցուցադրելով իր քվեաթերթիկը

Սեպտեմբեր 24,2018 18:44

«Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարական երկրների սկզբունքներին համապատասխան»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով «Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկման արդյունքները:

Սոցցանցերում հրապարակեցին քվեարկած քվեաթերթիկներ, այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դա իրենց դիտորդները չեն տեսել, տեղամասերում են եղել, բայց մեդիամոնիտորինգի ժամանակ դա ի հայտ կգա: Ըստ Իոաննիսյանի, որքանով է այդ արարքը քրեորեն պատժելի, հետո կպարզվի, որովհետեւ դրա համար պետք է ապացուցվի, որ շահադիտական նպատակ է եղել, մարդիկ շահ են ունեցել այն հրապարակելու համար:

Իսկ Սաքունցը հիշեցրեց՝ «Առաջին նման վարքագիծը, երբ քվեարկության սենյակում քվեարկելուց հետո ցույց տվեց քվեաթերթիկը, դա Ռոբերտ Քոչարյանն էր, որը օրը ցերեկով խախտեց քվեարկության գաղտնիությունը:

Ըստ Սաքունցի, ընտրողները այս ընտրություններին գտնվեցին բարձրության վրա, լուրջ խախտումներ ընտրատեղամասերում չարեցին, որովհետեւ խախտումներ կատարողները գիտեին, որ անպատժելի չեն մնա:

Իոաննիսյանն ասաց, որ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները նախկին ավանդույթներից դեռ չեն ձերբազատվել:

Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, Իոաննիսյանն ասաց, որ մասնակցությունը ամբողջ օրվա կտրվածքով ավելին էր, քան 2017-ի ընտրություններին, բայց մասնակցությունը առավոտյան 8-ից մինչեւ 11-ը ավելի քիչ էր, քան 2017-ին, սա հիմնավորում է, որ առավոտյան մեքենաներով, գազելներով բերելու պրոցեսը չկար, սովորական ընտրողը կիրակի օրը առավոտյան հակված է քնելու, իսկ կուսակցությունների կողմից վերահսկվող մարդկանց ընտրատեղամաս հակված են բերել շուտ, ինչը եղավ նախորդ տարվա ընտրություններին: Իսկ Սաքունցը հավելեց՝ ընտրողների վարքագիծը բնական էր, չկար ուղղորդված հոսք:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930