Երեկ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որին մասնակցում էին 12 քաղաքական ուժեր, ավագանու կազմում կլինեն երեքը՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը:
Այսպիսով` ավագանու 65 անդամից 5-ը կլինեն ԲՀԿ-ական, 3-ը «Լույս»-ից: Արդեն հայտնի են «Լույս» դաշինքի ավագանու անդամները: Նրանք 3-ն են՝ Դավիթ Խաժակյան, Անի Սամսոնյան եւ Անի Խաչատրյան: Նրանք բոլորն էլ նախորդ ավագանու անդամներ են:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Լույս»-ի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ավագանու կազմում չի լինի:
Aravot.am-ի հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը կլինի՞ ավագանու կազմում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ տիկին Զոհրաբյանն իր աշխատանքը շարունակելու է խորհրդարանում: Ինչ վերաբերում է, թե ովքեր են ավագանու 5 անդամները, պարոն Էնֆիաջյանն ասաց, որ դեռ չեն կարող անուններ հրապարակել, քանի որ վերջնական որոշում դեռ չունեն. «Երբ որ որոշում կլինի՝ կհրապարակենք»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:
Հետաքրքրվեցինք՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ինչպիսի՞ փոփոխություններ են եղել, արդյոք առաջադրված ավագանու անդամները, որոնք տեղ են գտել ցանկում, նույն հերթականությամբ կանցնեն ավագանի:
Դաշինքի մամուլի պատասխանատու Վահան Կոստանյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին ցանկը փոփոխությունների չի ենթարկվել, չնայած՝ հնարավոր է ցուցակից որոշ անձիք անցնեն ադմինիստրատիվ աշխատանքի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ