«Անկախ դիտորդ» դաշինքը, որի անդամներն են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելության գնահատականը: Իոաննիսյանն ասաց, որ այս ընտրությունները դիտարկել են ավելի քան 300 հոգով. «Այն տեսարանը, որին ականատես եղանք ընտրատեղամասերում, որակապես տարբերվում էր նախկինում գրեթե բոլոր ընտրություններում եղած տեսարանից: Բոլորը զբաղված էին այն ֆունկցիաներով, ինչով պետք է զբաղվեին ընտրությունների տրամաբանությամբ, ցուցակները հանձնաժողովի անդամները չին տանում, բերում, ոնց որ նախկինում, վստահված անձինք իրենց գործն էին անում: Տպավորությունն այպիսին էր, որ արեւմտյան, կայացած ժողովրդավարությամբ երկրներում ենք դիտորդություն անում, ուղղակի բոլորը հայերեն են խոսում»:
Իոաննիսյաննը ներկայացրեց կուսակցությունների ստացած ձայների բաշխման կապվածությունը մասնակցության տոկոսից. «Միշտ եղել է այն պատկերը, որ այն կուսակցությունը, որը կասկածվում էր մարդկանց տանել-բերելու, ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչքան մասնակցությունը բարձր էր, այնքան բարձր էր նրա ստացած ձայների տոկոսը: Սա ժողովրդավարական երկրներին հատուկ չի: Նշանակում է, որ շատ տեղամասերում կամ լցոնումներ են եղել, կամ թվեր են ավել գրվել, կամ ընտրողների վրա տեղում ազդեցություն է եղել եւ այլն»: Իսկ երեկվա պատկերը, ըստ Դանիել Իոաննիսյանի, այլ էր. «Նա գծապատկերներով ներկայացրեց մասնակցության թիվը եւ իշխող ուժի ստացած ձայները՝ ասելով. «Սա նշանակում է, որ տեղամասերում ձայների նկարչության դեպքեր երեկ տեղի չի ունեցել: Սա վիճակագրություն է, իսկ վիճակագրությունը ճշգրիտ գիտություն է»:
Սաքունցն ասաց, որ դիտորդական առաքելություն է իրականացվել նաեւ 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում եւ նաեւ ընտրական տարածքներից դուրս իրավիճակն են դիտարկել. «Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարների մեջ դնելու դեպքերը դիտարկվել են մեր կողմից դիտարկված ընտրատեղամասերի 24 տոկոսում: Անցած տարի եղել է 77 տոկոս ավագանու ընտրություններում: Քվեախցիկ միաժամանակ մի քանի անձի գտնվելու դեպքեր արձանագրվել են մեր կողմից դիտարկված տեղամասերից 10 տոկոսում, անցյալ տարվա ընտրություններում 52 տոկոս է եղել: Քվեարկելուց հետո քվեարկության մասին որեւէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրել ենք 32 տոկոսում, մի մասը եղել է՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», «Նիկոլ առաջ», մի մասը՝ ԲՀԿ-ի օգտին, մեկը՝ ՕԵԿ-ի օգտին, անցյալ տարի ընտրություններում նման բարձրաձայնման դեպքեր արձանագրվել են 37 տոկոսում: Ստորագրված ցուցակներին ծանոթանալու եւ այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր արձանագրել ենք դիտարկված 95 տեղամասերից ընդամենը 6-ում, անցյալ տարվա դիտարկումներով՝ 35 տոկոսում: Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձինք եղել են մեր կողմից դիտարկված տեղամասերից 29 տոկոսում, որոնցից 8-ում եղել են դիտորդի համար անհայտ անձինք, եղել են ոստիկաններ, որոնք չեն հրավիրվել քվեասենյակ՝ հանձնաժողովի կողմից: Անցյալ տարի եղել է 28 տոկոսում»:
Դիտարկված տեղամասերի 12 տոկոսում դիտորդների իրավունքների խախտում է եղել, ճիշտ այնքան, որքան նախորդ տարի, սակայն Սաքունցն ասաց, որ կարեւոր է խախտման բնույթը, դիտավորության աստիճանը. «Սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են 2 տեղամասում, որոնցից մեկը նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձի կողմից՝ ակնոցներդ կտամ կջարդեմ ասելով, մյուսը եղել է այնպիսի վիճակ, որ մեր դիտորդը ստիպված է եղել թողնել տարածքը»: Նախորդ տարի սպառնալիքներ դիտորդների նկատմամբ եղել է 5 տեղամասում, որոնց դեպքում արտահայտվել են բռնություններով:
Ընդհանուր առմամբ վիճաբանություններ գրանցվել են դիտարկված տեղամասերի 24 տոկոսում: Նախորդ տարի վիճաբանություններ գրանցվել են 32 տոկոսում: Լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր դիտարկված տեղամասերում չեն գրանցվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի