Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակը, որում տեղ է գտել նաև Հայաստանը:
Պարբերականի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է՝ ըստ Cox & Kings զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի:
Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանը (2-րդ տեղ), Թուրքիան (4-րդ տեղ) և Ադրբեջանը (7-րդ տեղ):
Հայաստանին հատկացված բաժնում նշվում է, որ այստեղ զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Պարբերականի հետ զրույցում Չանգը նշել է, որ Cox & Kings ընկերությունը նախատեսում է գալիք մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել: Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent, Ker & Downey և TCS World Travel ընկերությունները, որոնք համատեղ ուժերով գովազդում են Հայաստանը խորհրդանշող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Արարատ լեռը, Հայաստանի մայրաքաղաք Երևանը և Քարդաշյան քույրերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ