Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են թաքցնում «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելի չշահագործման իրական պատճառներն ու փաստերը

Սեպտեմբեր 24,2018 16:38

Այսօր Հայաստանում պետական և հանրային առանցքային խնդիրներից մեկը փաստացի դարձել է Սևանա լճի էկոհահամակարգի՝ մեծապես ջրի մակարդակի բարձրացումը, որի նպատակով ՀՀ Կառավարությունը տարեցտարի լճից ջրթողումների քանակը մեծացնում է: Մասնավորապես, ՀՀ Կառավարության նոր որոշման համաձայն՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց կթողնվի 210 մլն մ3 ջուր՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն՝ լճից ոռոգման նպատակով տարեկան բացթողման ջրի ծավալը ավելացնելով 40 մլն մ3-ով[1]: Ստացվում է այնպես, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելով՝ Կառավարությունն իր առջև խնդիր է դնում մեծացնել առավելապես ջրառի ծավալները դեպի Սևանա լիճ: Սակայն հակասական է այստեղ այն, որ մինչ օրս Սևանա լճի ջրալրումն իրականացվում է, բացի լիճ թափվող 28 փոքր և մեծ գետերից, նաև Արփա լճից «Արփա-Սևան» թունելներով եկող ջրերի և անօրինական կերպով արդեն տարիներ շարունակ Եղեգիս գետի ջրերով, ինչը որևէ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված չէ: Մինչդեռ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածում[2] հստակ նշվում է. «Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչև 165 մլն մ3 ջուր, որը լճի ջրային հաշվեկշռի մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում»: Սակայն այդ հանգույցի գործածումը, որը  պաշտոնապես շահագործման է հանձնվել 2004թ.-ին և մեկ օր անգամ ջուր չի տեղափոխել Սևանա լիճ, փաստացի այսօր չի գործում[3]: Ստացվում է այնպես, որ այն, որ նախատեսված է օրենքով համալրել Սևանա լճի ջրային մակարդակը «Որոտան-Արփա հիդրոհանգույցով 165 մլն մ3 ջրով, չի իրականացվում, փոխարենը՝ այն, որ օրենքով նախատեսված չի, իրականացվել և շարունակում է իրականացվել Եղեգիս գետից ջրերի տեղափոխում Սևանա լիճ, որի պատճառով այսօր գետն աստիճանաբար նոսրանում և արատավորվում է: Ավելին, եթե նախկինում Եղեգիս գետից տեղափոխվում էր տարեկան շուրջ 80 մլն մ3,, 2019թ.-ից, ըստ էության, նախատեսվում է հասցնել մինչև 120 մլն մ3, մինչդեռ գործող օրենսդրությամբ և իրավական բոլոր ակտերով Եղեգիս գետի ջրապաշարները նախատեսված չեն Սևանա լիճ տեղափոխելու համար: Իսկ իրականում ո՞ւմ է հարկավոր թաքցնել և չշահագործել սույն հիդրոհանգույցը և, ի վերջո, ում կողմից և ինչի համար է այն կառուցվել և պետական գանձապետարանից հսկայական միջոցներ ներդրվել, եթե այն ի սկզբանե չպետք է գործեր և մինչև օրս ջուր չտեղափոխեր: Առ այսօր այդ առումով որևէ հիմնավորում չի տրվել և պատկան մարմինների կողմից այն մշտապես շրջանցվում է, հատկապես՝ ոլորտի պատասխանատու Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից՝ թողնելով անսահմանափակ քանակությամբ անպատասխան հարցեր և բացեր: Փոխարենը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվում է, որ «դրա գործարկման անհրաժեշտությունը չկա», ինչն առավել քան օրինախախտում է, քանի որ կառուցվել է մի կառույց, որի վրա հսկայական գումարներ են պետբյուջեից դուրս գրվել և ծախսվել, և այսօր այն չի գործում և որևէ հիմնավորում այդ առումով չի տրվում:

«Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա» օբյեկտի հաշվեկշռային արժեքը գնահատվել է 10.980.755.760 ՀՀ դրամ, իսկ վերագնահատման արժեքը՝ 67016945989 ՀՀ դրամ: Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով իր շահագործման օրվանից մինչև օրս անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014թ., №01/06/1524-14) հաստատել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը[4]։ Շինարարական աշխատանքների ավարտից առ այսօր թունելի Որոտան-Արփա հատվածի վրա վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Թեպետ 2007թ.-ին 8 փետրվարի 2007 թվականի Կառավարության թիվ N 125-Ա որոշման[5]    համաձայն՝ «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման համար պետական բյուջեից դուրս է գրվել 911 790 000 ՀՀ դրամ, ընդ որում միայն «Որոտան-Արփա-Սևան» թունելի Ծովինարի տեղամասի ելքամասի բաց ջրանցքի նորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար՝ 75 000 000 ՀՀ դրամ[6], այն պարագայում, երբ մինչ օրս այն չի գործել և չի գործում և ջուր չի տեղափոխվել և տեղափոխվում: Եվ այս ամենի համար որևէ մեկն առ այսօր պատասխանատվություն չի կրել։ Փոխարենը՝ կառուցվել է «Եղեգիս» հիդրոհանգույցը, որի միջոցով էլ իրականացվել են անօրինականություններ՝ Եղեգիս գետի ջրերի անօրինական բաշխում, ջրերի հանդեպ ինքնիրավչության դրսևորումներ և ջրայուրացումներ, գետի բնական հունից շրջում այլ ուղղությամբ և արատավորում, չնայած նրան, որ որևէ իրավանորմով կամ իրավական ակտով նման բան սահմանված չէ. տարիներ շարունակ Եղեգիս գետից ապօրինաբար մշտապես իրականացվել է ջրառ           «Արփա-Սևան» թունել 2-ով դեպի Սևանա լիճ, մինչդեռ Սևանա լճի ջրահավաք ավազանի կազմակերպման գործում նախատեսված է «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցը: Հատկանշական է, որ հենց օրենքով է սահմանված, որ Սևանա լճի ջրալրումը պետք է կատարվի հենց «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցով, ինչն անհասկանալի կերպով չի իրականացվել և չի իրականացվում, մասնավորապես՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածում[7]:

«Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981թթ.` Որոտան և Արփա գետերի ջրերը Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների միջոցով Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48,3 կմ է, որի առանձին հատվածներ դեռևս գտնվում են խիստ վթարավտանգ իրավիճակներում և անհապաղ վերականգնման կարիք ունեն: Հաշվի առնելով նշվածը` դեռևս 2000-ականների վերջին ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի վարկավորմամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ պետք է իրականացվեին «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածներում վերականգնողական շինարարական աշխատանքների ծրագիր: 2009-2010թթ. կազմվել էին թունելի անհապաղ վերականգնողական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ «Արփա-Սևան թունելի վերականգման ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարության և Աբու Դաբիի Զարգացման Հիմնադրամի միջև 2007 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր՝ 36.73 մլն ԱՄԷ դիրհամ (10 մլն ԱՄՆ դոլար) գումարի չափով: Վարկային միջոցներից օգտագործվել էր 35.23 մլն դիրհամ (9.6 մլն ԱՄՆ դոլար), թեպետ ներկայացվում է, որ «Արփա-Սևան» թունելի առավել վթարավտանգ հատվածների վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2016թ.-ի նոյեմբերին: Այդ աշխատանքներին զուգահեռ իրականացված տեխնիկական զննումների արդյունքում բացահայտվել են թունելի վերականգնման ենթակա նոր վթարավտանգ հատվածներ, ինչը ենթադրում է, որ գումարը ծախսվել է անարդյունավետ, իսկ պատասխանատուները պատասխանատվության մինչ օրս չեն ենթարկվել: Թունելի վերականգնման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով սահմանված կարգով՝ մրցութային եղանակով ընտրվել է շինարար («Արփա-Սևան» ԲԲԸ) և հետագա երեք տարիների համար կնքվել է շուրջ 4,998 մլրդ դրամ արժեքով շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր, որից 2017 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 1,9 մլրդ դրամ, 2018թ.-ին՝  1,6 մլրդ դրամ, 2019թ.-ի համար մնացորդը կազմել է 1,79 մլրդ դրամ: Մրցութային կարգով «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցը, 2004թ.-ի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, որը պետք է իրականացներ 11798546320 դրամի վերականգնողական շինարարական աշխատանքներ՝ թունելի առավել վթարային առանձին հատվածներում,  որոնք բաշխված են թիվ 2 թունելի՝ շուրջ 17 կմ երկարության վրա: Իսկ 2015թ.-ին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ.-ը: Մրցույթի արդյունքները հաստատվել են ՀՀ կառավարության 26.08.2010թ. N 1074-Ա որոշմամբ: Նշված գումարի սահմաններում պետք է իրականացվեին հետևյալ աշխատանքները` վտանգավոր հատվածներում նոր ժամանակավոր ամրակապերի տեղադրում` 854.51 տն, երեսարկի կառուցում` 1735.2 գծ.մ, հատակի կառուցում` 1725.2 գծ.մ, ցեմենտային լցամղում և ստուգիչ լցամղում` 27918.8 քմ: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում էր թունելի՝ տեխնիկական վիճակից կախված թողունակությունը 13,5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 20 մ³/վրկ, որը հնարավորություն կտա տարեկան Սևանա լիճ տեղափոխել շուրջ 270 մլն մ³ ջրաքանակ[8]: Սակայն փաստացի այսօր թունելի տրամագծի թողունակության մեծացում չի արձանագրվել և դրա հնարավորությունները մնացել են անփոփոխ։ Ստացվում է, որ պետության հաշվին պաշտոնապես դուրս գրված մոտ 10 մլն ԱՄՆ դոլար վարկն ու պետական գանձապետարանից օգտագործված այլ միջոցները նպատակին չեն ծառայել, իսկ պատասխանատու կողմը՝ պատասխանատվության չի ենթարկվել։ Այս ամենը փաստում է մի բան. հավատարմագրային կառավարման գործառույթները և հիմնանորոգման ծրագրի իրականացման գործառույթները միևնույն կազմակերպության, տվյալ դեպքում՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից անհամատեղելի են և ենթակա են վերանայման՝ այդ ժամանակահատվածի գործունեությունը մանրամասն ուսումնասիրություն և հետաքննություն իրականացնելու հավաքական պահանջով։ Այն հարցումներին, թե ինչո՞ւ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցը պաշտոնական բացումից ի վեր չի գործել և չի գործում՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ն մշտապես նշում է, որ իրավասու չէ պատասխանել, քանի որ դրա պատասխանատու կողմը՝ «Հիմնադիրը» Ջրային տնտեսության պետական կոմիտեն է՝ չնայած «համաձայն 17.08.2004թ. կնքված թիվ ԾՁԲ-04/36 պայմանագրով հենց «Արփա-Սևան» ԲԲ ընկերությանն է որպես պետական պատվերի շրջանակներում «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի Կառավարչի հավատարմագրային կառավարումը հանձնվել», որն էլ, համաձայն սույն պայմանագրի, հանդիսանում է միևնույն ժամանակ և՛ կառուցողը, և՛ վերանորոգողը, և՛ շահագործողը, և՛ բարելավողը։

Այստեղից մշտապես հնչող և անպատասխան մնացած հարցադրումները. …Ինչո՞ւ… Ո՞ւմ է դա ձեռնտու… Ինչո՞ւ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում… Ո՞վ է կառուցել…Ինչքա՞ն գումար է պետությունից դուրս գրվել…Ինչո՞ւ է դուրս գրվել և որտեղ է ծախսվել, եթե մինչ օրս այն չի գործում….

Շարունակելի….

 

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

[1]http://hetq.am/arm/news/92406/karavarutyunn-avelacrec-sevana-ltchic-orogman-npatakov-bac-toxnvox-jri-tsavaly.html

[2] http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1676&lang=arm

[3] http://www.aravot.am/2017/07/12/897058/

[4] http://www.armecofront.net/lrahos/%D5%A1%D5%B5%D5%A4%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7%D5%AC-%D5%AB-%D5%B9%D5%AB%D6%84-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%BE-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BB%D6%80%D5%A1/?eo_month=2015-04

[5] http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=31365

[6] http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=31365

[7] http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1676&lang=arm

[8] https://armlur.am/156592/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930