Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում 25 000 մարդ ավելի շատ է քվեարկել». Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 24,2018 16:31

Երևանի ավագանու ընտրություններին այս տարի, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող մոտ 800 հազար քաղաքացիների  43,7%-ը: Նախորդ տարվա ավագանու ընտրությունների ժամանակ այս ցուցանիշը 41% էր: Ընդ որում, 2017-ին նախորդող տարիների թվից այն քիչ է տարբերվում (մանրամասն՝ ինֆոգրաֆիկաներում):

Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկման հետ, որ մասնակցության տոկոսը գրեթե նույնն է: Այսօրվա ճեպազրույցում նա նշեց, որ 43,7% ցուցանիշը դրական է գնահատում: Ըստ նրա՝ դա ընտրողների բարձր ակտիվության մասին է խոսում:

President of the Central Electoral Commission Tigran Mukuchyan gave a press conference at the RA CEC

Մուկուչյանը չարձագանքեց հարցին, թե ինչու է ընտրողների մասնակցության ցուցանիշը գրեթե նույնը՝ նոր քաղաքական իրավիճակում. չէ՞ որ սպասելի էր, որ իշխանափոխությունից հետո հանրությունը մեծ վստահություն եւ մասնակցություն կդրսեւորի ընտրական գործընթացներում:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ կարծում է, որ իրականում քվեարկությանը մասնակցածների թիվն ավելի բարձր է: «Պետք է հաշվի առնել, որ այս ընտրությունների վրա ապօրինի ազդեցություն եթե անգամ կար, ապա՝ անհամեմատ ավելի քիչ: Մարդկանց տեղամասեր գնալ ստիպողներ չկային, իսկ կաշառք եթե եղել է, ապա շատ ավելի քիչ: Վարչական ռեսուրս չէր չարաշահվում եւ մարդկանց չէր պարտադրվում գնալ քվեարկություն: Այս պարագայում բնական է, որ մասնակցությունը նույնիսկ ավելի ցածր պետք է լիներ: 25 000 մարդ ավելի շատ է քվեարկել, իսկ դա նշանակում է, որ այդ ամենը փոխհատուցվել է ընտրողների քաղաքացիական գիտակցությամբ: Իսկ առհասարակ, մասնակցությունն ավելի մեծ է եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Դանիել Իոաննիսյանը:

Նա, իր բնորոշմամբ, հետաքրքիր փաստ արձանագրեց. «Մարդկանց մասնակցությունը երեկոյան ավելի բարձր է եղել, քան առավոտյան: Ավտոբուսներով մարդկանց տանել-բերելը սովորաբար առավոտյան է լինում, կուսակցություններին այդպես է ձեռնտու: Իսկ այս պարագայում մարդիկ հանգիստ քնել են, իրենց գործերով զբաղվել, երեկոյան՝ գնացել տեղամասեր: Առհասարակ, որակապես այլ պատկեր ունեցանք այս ընտրություններում: Օրինակ՝ տեղամասերի դիմաց 08:30-ին կուտակումներ չկային, ինչպես առաջ էր: Նախկինում շատերին ստիպում էին տեղամաս գնալ, իսկ այս ընտրություններին մասնակցել են միայն նրանք, ովքեր ուզեցել են քվեարկել»:

Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկածների մասնակցության մասին սոցցանցում գրառում է կատարել նաեւ տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը՝ մատնանշելով. «Հաշվի առնելով ՀՀԿ-ի չմասնակցելը ու կեղծիքների բացակայությունը՝ մասնակցության աճը շատ ավելի մեծ է։ Իսկ իրական մասնակցությունը, եթե նկատի ունենանք, որ ընտրական իրավունք ունեցողների մի զգալի մասը Հայաստանում չի, շատ ավելի բարձր է՝ երևի 55%-ից ոչ պակաս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930