Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով բարձր գնահատեց այն փաստը, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու մյուս ուժերը շնորհավորել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին՝ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ԲՀԿ-ին և «Լույս» դաշինքին, որոնց ներկայացուցիչները ընդգրկված են լինելու Երևանի ավագանիում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սա քաղաքական նոր մշակույթ է, նոր իրողության նշաններ են, որոնք շատ կարևոր են: Ամենակարևորն այն արձանագրումն է, որ այս ընտրություններով տեսաք, որ ժողովրդի ձայնը որոշիչ է և կարող եք ձեր ձայնով որոշել՝ ով է իշխանություն, ով ընդդիմություն, ով պիտի լինի ավագանիում»:
Վարչապետը վստահեցրեց՝ այս իրողությունները չեն փոխվելու:
Դառնալով՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին՝ ՀՀ վարչապետը նշեց. «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի, հիմա իշխանությունը կեղծելու, կամ վարչական ռեսուրսի օգտագործման կարիք չունի: Շատերն են հարց բարձրացնում, թե այս ամենը նրա համար է, որ իշխանության վարկանիշը բարձր է: Եթե վարկանիշը ցածր լինի, իշխանությունը չի լինի իշխանություն: Մոռանանք, որ ՀՀ-ում որևէ մեկը լցոնումներ է անելու ժողովրդից իշխանությունը խլելու համար: Իշխանությունն անվերադարձ վերադարձվել է քաղաքացուն, ոչ թե ինձ՝ ՔՊ-ին, «Իմ քայլը» դաշինքին, այլ ժողովրդին: Ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք, կրիմինալ օգտագործենք, վարչական ռեսուրս օգտագործենք»:
Դառնալով ընտրությունների ցածր մասնակցության մասին մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են, նախորդ տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ մարդիկ գազելներով հարկադրաբար բերման են ենթարկվել: Մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ մեր շատ հայրենակիցներ, որոնք քսան-քսանհինգ տարի առաջ հեռացել են ՀՀ-ից, շարունակում են ընդգրկված լինել ցուցակներում, ընտրակաշառքային ընտրություններ են եղել, երբ նույնիսկ հաշվի չեն առնում և անկողնային տարիքով մարդկանց ներկայացնում են ընտրական տեղամասեր քվեարկելու: Իհարկե, այս պարագայում շատ քաղաքացիներ տարիքով իրենք որոշել են չգնալ ընտրատեղամասեր: Այնպես որ, քաղաքացիների մասնակցությունը և նրանց տված մանդատը որևէ կասկածի ենթարկվել չի կարող»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիներն իրեն տվեցին մանդատ սկսել բանակցություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար. «Այո, քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քաղաքական անորոշությունները արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որը այսօր գործում է, չունի գործելու մանդատ, քանի որ խորհրդարանական ուժերը միասին վերցրած այնքան ձայներ հավաքեցին, որ ոչ բավարար է խորհրդարանում այսպիսի կազմով շարունակելու համար»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/265710157390647/?__xts__[0]=68.ARBruRsGN7KWFgZDHafDNcoGq1E2b4xulUIroAH1GjKL2ga_03zsG-MRJpViZ4Uk21oI2jWWkE8LuHTSZeaMgWJazhqofvbV19R2pPs31q9SPG5x9H7prYEiQmNHm8v2fQ92rN_M1NpIcxuDmnM3rPVv2UgBAfSycxvtXvAIJhKhC8iAvawX&__tn__=-R
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ