Սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները «մի կողմից ունիկալ, մյուս կողմից էլ`տխուր» էին: Սա Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի գնահատականն է երեկ Երեւանում կայացած ավագանու ընտրություններին: Նա դիտարկել է ընտրությունները, իսկ յոթ կետում ամփոփված իր դիտարկումներն այսօր նա ներկայացրեց «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում:
Ըստ բանախոսի, սրանք առաջին ընտրություններն էին ապրիլյան իշխանափոխությունից հետո ու այդտեղ ինտրիգ կար`ինչպե՞ս կկազմակերպվեն դրանք, ինչպե՞ս կանցկացվեն: Ինքը զարմացած է, որ այս ընտրությունները, իրենց կազմակերպությունից բացի, ոչ ոք չի դիտարկել. «Շատ բան են կորցրել»:
Ընտրություններին մասնակից կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներում ընդգրկված անձինք, ըստ նրա, նախկին իշխանության բացասական երանգը չէին կրում, բոլորի ծրագրերում խոսվում էր «չաղ ու բախտավոր» ապրելու մասին:
Ալեքսանդր Ցինկերի դիտարկմամբ, ընտրարշավը փոքր-ինչ քաղաքականացվում էր «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի միջեւ: «Հավանաբար հեռուն գնացող նպատակներ կան»,- եզրակացրեց դիտորդը:
Նա դրվատանքի խոսքեր ասաց ԿԸՀ-ի մասին, որն այդ քիչ ժամանակաընթացքում ամեն ինչ կազմակերպեց եւ բավական լավ: Ըստ նրա, ուշագրավ էր, որ հանձնաժողովներում մեծ մասը ՀՀԿ-ականներ էին, բայց սաբոտաժ չեղավ, բոլոր ընտրատեղամասերը ճիշտ ժամանակին բացվեցին, նորմալ աշխատեցին: Միաժամանակ, դիտորդի գնահատմամբ, կարճ`12-օրյա քարոզարշավը անհավասար պայմաններ բերեց ընտրություններին մասնակից 12 կուսակցությունների եւ դաշինքների համար: «Իշխող եւ առաջատար կուսակցության մասով պարզ է`նրանք կարիք չունեն իրենց ներկայացնելու, բայց նոր ձեւավորված ուժերի եւ դաշինքների համար խնդիր էր իրենց ծրագրերը ներկայացնել»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:
Երեւանյան ընտրությունները դիտարկած միակ միջազգային դիտորդը ընտրատեղամասերում հանդարտ վիճակ է արձանագրել: Ասում է`դա երկու դեպքում է լինում`կամ ընտրության ելքը կանխորոշված է, կամ` կուսակցությունները թիմեր չունեին, չէին հասցրել կամ հնարավորություն չունեին մարդկանց հավաքել ու տեղամասերում սեփական պաշտպանությունը կազմակերպել: «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն բոլոր տեղամասերում ունեցել են վստահված անձինք, տեղ-տեղ ՀՅԴ-ն եւ «Երկիր Ծիրանին» են ունեցել: Եղել են մասնակիցներ, որ ընդհանրապես որեւէ տեղամասում մարդ չեն ունեցել:
Դիտորդը հայկական իրականությանը խորթ մի բան է արձանագրել` ընտրատեղամասերի առջեւ ավանդաբար կանգնած տղաներին չի տեսել, ում մինչ ընտրության մտնելը եւ ընտրությունից հետո մարդիկ ձեռք էին սեղմում, ինչ-որ բան էին ասում`նոր հեռանում:
Նա մի կողմից ապշած է, մյուս կողմից ասում է`սպասելի էր իշխող «Իմ քայլը» կուսակցության հավաքած մոտ 82 տոկոսը: Անգամ համեմատություն անցկացրեց ղազախստանյան-նազարբաեւյան ընտրությունների հետ`ասելով, որ եթե Նազարբաեւը 80 տոկոս է հավաքում, ասում ենք`լավ է, եւ անգամ Նազարբաեւի պարագայում 80 տոկոսից ավելին տարակուսանք է առաջացնում:
Մյուս կողմից, բանախոսը նաեւ նկատեց, որ դեմոկրատ Սահակաշվիլին էլ բացարձակ մեծամասնություն ստացավ: Ալեքսանդր Ցինկերին դուր չի գալիս նաեւ ավագանու ընտրություններում ձայների բաշխման բոնուսային համակարգը: Ասում է`դա պոտենցիալ հնարավորություն է ստեղծում որեւէ ուժի համար միանձնյա ղեկավարում ստանձնելու:
Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ցածր մակարդակին`մոտ 44 տոկոս, Ալեքսանդր Ցինկերն ասաց, որ դա թերեւս նորմալ է, ամեն տեղ էլ տեղական ընտրություններում մասնակցությունը ցածր է լինում: Բայց տարակուսելի է, որ քիչ մասնակցությամբ այդքան մեծ թվով ձայներ իշխող ուժն է ստանում: Ինքը կարծում է, որ երկու պատճառ կա դրա համար. «Մի կողմից մարդիկ մտածում են`դե հաղթեցինք, էլ ինչ գնանք, մյուս կողմից`տպավորություն է, որ մարդիկ չեն գնացել, քանի որ կանխորոշված էր»: Բոլոր վերլուծություններն այս մասով նա թողնում է հայաստանցի սոցիոլոգներին:
Ալեքսանդր Ցինկերը համարում է, որ երեւանյան այս ընտրությունները ավելի շատ հանրաքվե էր, ոչ թե ընտրություն ու «մարդիկ հավատարմություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին»: Ինքը սա մի կողմից համարում է Նիկոլ Փաշինյանի մեծ հաղթանակը, մյուս կողմից`մեծ պատասխանատվություն, քանի որ ավագանու աշխատանքի հետ կապված բոլոր հարցերն ուղղվելու են Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր բերած եւ երաշխավորած թիմն է:
Բանախոսը նաեւ խախտումներ է արձանագրել. ընտրատեղամասերն ապահովված չէին հատուկ կարիքավորների համար, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, այս անգամ չկային նաեւ շարժական քվեատուփերը`տարեցների, հիվանդների կամ հատուկ կարիքավորների համար: Ընտրացուցակների խնդիրն էլ դեռ մնում է:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ