Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարքն արդեն կատարված էր». Մուկուչյանի պարզաբանումը՝ վեճի վերածված մամուլի ասուլիսի մասին

Սեպտեմբեր 24,2018 14:13

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրություններին նախօրեին՝ «լռության օրը» «Մեդիա կենտրոն»-ում գրանցված միջադեպին, երբ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն գումար է բաժանել իր ֆլեշմոբի մասնակիցներին, իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ-ական երկու ակտիվիստներ էլ միջամտել էին ասուլիսին: Դրանից հետո ոստիկանությունը խուզարկել էր ԲՀԿ գրասենյակը եւ կաշառքի փաստեր չէր գտել, իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Մուկուչյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստել է, որ կուսակցության դեմ անօրինական գործողություններ են իրականացվել: Տիգրան Մուկուչյանը նախ պարզաբանեց, որ իրենց հեռախոսազանգը վերաբերել է ոչ թե իրավապահների գործողություններին, այլ մամուլի ասուլիսին:

«Ասուլիսի կայանալու մասին տեղեկատվություն էր հրապարակվել, մենք էլ փորձել ենք անմիջապես կապ հաստատել եւ հորդորել, որ քվեարկության նախորդ օրը քարոզչության կամ հակաքարոզչության արգելքի սկզբունքը գոյություն ունի: Այդ ասուլիսում հնչեցվելիք հայտարարությունները կարող էին որակվել որպես քարոզչություն եւ հակաքարոզչություն: Անձամբ փորձեցի կապվել ասուլիսը հրավիրողների հետ, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանի: Երբ զանգեցինք, մեկնարկել էր ասուլիսը: Դրա ժամանակ հնչեցին գնահատականներ, որոնց մասին այս պահին տեսակետ չեմ հայտնի»,-պատմեց Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ ասուլիսից հետո եւ դրա ընթացքում զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ, որն ահազանգում էր ասուլիսի մասին. «Մենք էլ ասել ենք, որ տեղեկացված ենք եւ հետեւում ենք դրան: Ավարտից հետո ԿԸՀ-ն, բնականաբար, ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին էլ, սակայն արարքն արդեն իսկ կատարված էր: ԿԸՀ-ն այդ պահին, թեեւ երեկո էր, նախնական աշխատանքային քննարկում արեց, պետք է վարույթ հրավիրեր, սակայն մի խնդիր կար: Արարքն արդեն ավարտված էր: Այդ պահին վարույթ հրավիրելը կդառնար հարթակ, որին պետք է մասնակցեին կողմերը եւ տեսակետներ ներկայացնեին: Ակամայից ստացվելու էր այնպես, որ լռության օրը մենք ինքներս նպաստելու էինք քարոզչությանը կամ հակաքարոզչությանը»:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ նշյալը հաշվի առնելով կողմերին պարզաբանել են, որ քվեարկության օրը եւս ձեռնպահ կմնան հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են վարույթ իրականացնել. «Նաիրա Զոհրաբյանը կարող է դիմել Վարչական դատարան»:

https://www.youtube.com/watch?v=x7zB1VUGXQE

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930