Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատականը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների մասին

Սեպտեմբեր 24,2018 14:09

2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, ինչի արդյունքում համամասնական ընտրակարգով ձևավորվելու է 65 հոգուց բաղկացած ավագանի և ընտրվելու է Երևանի քաղաքապետ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից ձայների 50 տոկոսից ավելին հավաքելու դեպքում վերջինիս թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Այս ընտրություններին «Ականատես» նախաձեռնության դիտորդական առաքելության 155 դիտորդներ հսկել են ընտրական գործընթացները Երևանի բոլոր վարչական շրջանների 80 ընտրատեղամասերում՝ պատահական և ներկայացուցչական ընտրանքով։ Նախաձեռնության կողմից առաջին անգամ Հայաստանում կիրառվել է մի մեթոդաբանություն, որը կոչվում է ընտրանքի վրա հիմնված դիտորդություն (sample-based observation – SBO) և տալիս է վիճակագրորեն հիմնավոր տվյալներ ընտրությունների նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների վերաբերյալ։ Ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալները հավաքագրվում են վերապատրաստում անցած տեղական դիտորդների կողմից, որոնք անմիջականորեն դիտարկում են տեղամասերի բացման, քվեարկության և հաշվարկի գործընթացները իրենց հատկացված տեղամասերում։ Չնայած նրան, որ դիտորդական առաքելությունը ներկա է գտնվում միայն ընտրանքի տեղամասերում, մեթոդը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ նկարագրել ընտրությունների օրվա ամբողջական գործընթացը ողջ Երևան քաղաքի համար։ Ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությունը կիրառվում է ընտրությունների դիտորդական կազմակերպությունների կողմից աշխարհով մեկ՝ խթանելու ընտրությունների օրինավորությունը։

«Ականատեսի» դիտորդները ընտրատեղամասերում, քվեարկության տարբեր փուլերում արձանագրել են ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մի շարք խախտումներ (մի մասը դեռևս ստուգման փուլում է)։

Նախապատրաստման փուլում արձանագրվել է մոտ 70 խախտում։ Խախտումների հիմնական մասը վերաբերել է տեղամասերի անմատչելիությանը և քվեարկության սենյակի կահավորմանը։ Կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում գործող ընտրական տեղամասերի 59%-ը հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար և 16%-ում առկա են եղել կահավորման այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ռիսկային դիտվել քվեարկության գաղտնիության ապահովման առումով։ Տեղամասերի 4%-ում եղել է կողմնակի անձանց ներկայություն, 3%-ում խախտվել է հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխման վիճակահանության կարգը, մեկ դեպքում զրոյական մասնակցության տեղեկանքը ուշ է տպվել։ Դիտարկված տեղամասերից 3%-ը 5-15 րոպե ուշ է բացվել քվեարկության համար։

Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք: Դիտարկված տեղամասերում 232 ընտրողի անուն բացակայել է ընտրողների ցուցակից: Դիտարկված 41 տեղամասում արձանագրվել է ընտրողների գրանցման հետ կապված 705 խնդիր: Տեղամասերից 17-ում գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտման 46 դեպք և քվեարկության գաղտնիության խախտման 35 դեպք։ 19 տեղամասում 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են այլ անձի ստորագրություն։ Տեղամասերից 18-ում տեխնիկական սարքը խափանվել է։ Նույն թվով տեղամասերում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն։ 10 (13%) տեղամասում կամ տեղամասից դուրս եղել են քարոզչության կամ հակաքարոզչության 10 դեպքեր: 8 տեղամասում գրանցվել է ընտրողների ուղղորդման 18 դեպք։ Մնացած տեղամասերում գրանցվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր կամ փորձեր, տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպքեր, գրանցվել են քվեարկության պարագաները տեղամասից դուրս կամ ներս բերելու դեպքեր, ինչպես նաև ընտրողին չի թույլատրվել քվեարկել ընտրողների ցուցակում ստորագրություն լինելու պատճառով: 2 տեղամասում ոստիկանությունը չի արձագանքել տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի խախտումներին։ 2 (3%) տեղամաս սահմանված ժամանակից ուշ կամ շուտ է փակվել։ Տեղամասերի 98%-ը փակվել է ժամանակին: 2 տեղամասում ժամը 20։00-ի դրությամբ տեղամասում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն չի ընձեռվել։

Տեղամասի փակման և արդյունքների փուլում գրանցվել է 87 խախտում։ Տեղամասերի 95%-ում փակման ընթացակարգը պահպանվել է: 93%-ում եղել են հաշվարկի ընթացակարգի տեխնիկական խախտումներ։ Եղել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ազատ ելումուտն արգելելու դեպքեր, մերժվել է հատուկ կարծիքի գրանցումը։ Տեղամասերի 100%-ում պահպանվել է արձանագրությունները տեղամասի մուտքի մոտ փակցնելու պահանջը:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մոտ 20 դեպք, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է կամ դժկամությամբ է գրանցամատյանում գրանցել քվեարկության կարգի խախտումների վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Ընտրական խախտումներով «Ականատես» նախաձեռնությունը կներկայացնի դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան, ինչպես նաև հաղորդումներ իրավապահ մարմիններին:

Այդուհանդերձ, ընդհանրացնելով կարելի է ասել, որ, ի տարբերություն նախորդ տարիների համապետական և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու 2018թ․ սեպտեմբերի 23-ի ընտրություններն առավել մասնակցային և մրցակցային էին։ Քաղաքական ուժերն առավել հետաքրքրված էին մասնակցելու ընտրական գործընթացներին։ Ի տարբերություն 2017թ. ընտրությունների, որին մասնակցել էր ընդամենը 3 քաղաքական ուժ, իսկ 2009 և 2013 թվականներին՝ յոթական, այս անգամ ընտրություններին մասնակցել են 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։ Քաղաքացիների կողմից նույնպես նկատվել է հետաքրքրության դրսևորում և սեփական քվեի կարևորության գիտակցում, ինչի արդյունքում  նախորդ տարվա ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը 25,000-ով ավելի էր։

Չնայած «Ականատես» նախաձեռնության կողմից արձանագրված ընթացակարգային խախտումներին՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում չեն արձանագրվել այնպիսի զանգվածային և համակարգային ընտրախախտումներ, ինչպիսիք տարածված էին նախորդ քաղաքային և համապետական ընտրությունների ընթացքում՝ լցոնումներ, սխալ հաշվարկ, արդյոինքների կեղծում, ընտրակաշառք, ընտրողներին մատուցվող ծառայություններ, տեղամասերում և հարակից տարածքներում կուտակումներ և անկարգություններ, ճնշումներ և բռնություն, ակնհայտ ուղղորդումներ և այլն: Սրա արդյունքում ստեղծվել են պայմաններ, որպեսզի քաղաքացիներն առավել ազատ, անկաշկանդ և անվախ լինեն իրենց կամարտահայտման մեջ, ինչի արդյունքում ենթադրվում է, որ Երևան քաղաքի ավագանու ընտրվող կազմը կարտացոլի քաղաքացիների իրական նախապատվությունները։

Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երևանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

2018թ․ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ:

 

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930