ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Երեւանի ավագանիում մանդատների բաշխման վերաբերյալ կանխատեսումներ չի անում: Լրագրողների հետ զրույցում այսօր Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո նա միայն նշեց, որ ըստ օրենքի՝ մանդատները բաշխվում են այն երեք կուսակցությունների միջեւ, որոնք ստացել են «կողմ» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի 6, իսկ դաշինքների դեպքում՝ 8 տոկոս ձայներ:
Լրագրողները ճշտեցին՝ «այսինքն, ստացվում է, որ ամենաշատ մանդատները բաժին կհասնեն «Իմ քայլը» դաշինքի՞ն»: Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան տվեց. «Ակնհայտ է, որ այդպես է»:
Նա նշեց, որ ավագանիում տեղ կգտնեն նշյալ տոկոսային շեմերը հաղթահարած կուսակցությունները, բայց քանի որ միայն «Իմ քայլը» դաշինքն է նման ցուցանիշ գրանցել, ըստ օրենքի՝ առավելագույն ձայներ հավաքած եւս երկու կուսակցություն կլինեն ավագանու կազմում: Ստացվում է, որ «Իմ քայլից» բացի Երեւանի ավագանիում մանդատներ կունենան «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լույս» դաշինքը:
https://www.youtube.com/watch?v=x7zB1VUGXQE
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ