ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Քվեարկության գաղտնիության 7 դեպքից երեքով քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերի իրենց էջում հրապարակել են իրենց քվեաթերթիկը:
Դեպքերից մեկով սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն և հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:
Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» և «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:
«2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետևի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին և լարումը բացակայում է:
«Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ և շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս և ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որևէ խոսակցություն, ուղղորդում չի եղել և կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:
Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ և փորձել մասնակցել քվեարկությանը:
Հիշյալ երկու դեպքով էլ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին