Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/50 ընտրատեղամասում 33 քվեաթերթիկ անվավեր համարվեց: Պատճառն այն էր, որ հանձնաժողովի անդամներից մեկը առավոտյան քվեարկողների քվեաթերթիկի վրա դրոշմապիտակը փակցնելու փոխարեն փակցրել էր քվեածրարի վրա եւ 12 ընտրողի քվեաթերթիկ առանց բացվելու մարվեց՝ համարվելով անվավեր:
Անվավեր քվեաթերթիկների մեծ մասը «Իմ քայլը» դաշինքի օգտին էր, ընտրողները ջնջել էին բոլորին ու թողել միայն Հայկ Մարությանի տողը, կամ խաչ էին քաշել բոլորի վրա, բացի «Իմ քայլը դաշինքից»: Ընտրողներից մի քանիսը սահմանված նմուշի V-աձեւ նշանի փոխարեն ստորագրել էին կամ այլ նշան դրել:
Ընտրողներից մեկն էլ Մարությանի անվան դիմաց որոշել էր սմայլիկ ավելացնել:
Ուշագրավ էր, որ անվավեր համարված քվեաթերթիկներից մեկի վրա ինքնախոստովանություն էր՝ «Ես սեւ եմ»: Մի ընտրող էլ քվեաթերթիկի վրա գրել էր՝ «Մարդ չկա ընտրելու»:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կոնկրետ այս ընտրատեղամասի քվեաթերթիկների վրա չկային հայհոյանքներ եւ չկային Չակ Նորիսին, Ռեմբոներին ընտրողներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ