Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման». Լեւոն Բարսեղյան

Սեպտեմբեր 24,2018 11:35

«Ականատես» դիտորդական խումբը ձեւավորվել է 2018-ին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Այսօր «Մեդիա կենտրոնում» նախաձեռնության անդամները ներկայացրեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյան ասաց, որ այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման. «Իբր 43,65 տոկոսը էդ ի՞նչ ցուցանիշ է, որ ուզում եք ասել որակյալ ցուցանիշ է: Նախորդ տարվա ցուցանիշը դրանից 2,5 տոկոս ավելի էր: Բայց երբ խորանում ենք, ուզում ենք տեսնել, թե ինչ կա դրա հետեւում կանգնած, պիտի նկատենք, որ այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրաված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին, որպեսզի այդ քվեն ապահովեին: Չկային ճնշումներ ընտրողի ազատ քվեի նկատմամբ: Դժվար է գնահատել, թե դա քվեների ինչ կշիռ է, մոտ 150 հազար քվե է իմ գնահատմամբ: Եթե դա ավելացնենք ստացված արդյունքներին, մասնակցության տոկոսը կարող էր նույնիսկ ձեւակերպվել 65, 63 տոկոս: Բացի այդ, անցյալ ընտրություններին 3 քաղաքական ուժ մասնակցեց ու մինչեւ հիմա պատճառն օբյեկտիվորեն չի ձեւակերպված՝ ի՞նչ է պատճառը, որ անցյալ տարի որոշել էին չմասնակցել»:

Ըստ Բարսեղյանի, «քաղաքական քաղքենիների» երգացանկում երեկ գիշերվանից ի հայտ եկած այն միտքը, թե մարդիկ չէին վստահում այս ընտրություններին, դրա համար չմասնակցեցին, անլուրջ է. «Հանգուցյալներն այս անգամ անհասկանալի պատճառներով այնուամենայնիվ որոշեցին չմասնակցել ընտրություններին: Ըստ երեւույթին, մեծ դժգոհություն ունեին, երեւի հեղափոխությունը անհանգստացրել էր շատերին»,- կատակեց Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով, որ Երեւանի ընտրելու իրավունք ունեցողների 15-20 տոկոսը գտնվում էին հանրապետությունից դուրս: Այնպես որ, այս ամենը հաշվի առնելով՝ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ 43,65 տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է:

«Ռեսթարթ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը գոհ էր ոստիկանների աշխատանքից. «Շատ պատրաստակամ էին ամեն կերպ օգնելու ու այդ կուտակումները, որ չի եղել, խուժանը, որ չի հավաքվել, այստեղ կա ոստիկանության աշխատանքը»: Նա ասաց, որ այս ընտրություններին, եթե անգամ նկատվում էր, որ քվեաթերթիկը ծրարի մեջ են դնում քվեախցիկից դուրս, երեւում էր, որ դիտմամբ չեն ցուցադրում, պարզապես կրթության կարիք կա:

Երեկ նկատվեցին մի քանի դեպքեր, երբ քվեարկած քվեաթերթիկը տեղադրել էին համացանցում, մինչդեռ օրենքն արգելում է: Սոնա Այվազյանի խոսքով՝ քվեարկության գաղտնիությունը ինչպես իրավունք է, այնպես էլ պարտականություն, պետք է հարգել օրենքը, բայց թե որքանով է ճիշտ դա արգելելը, սա հարց է, որովհետեւ ընտրողն էլ ուզում է, որ ցույց տա, թե ում է ինքն ընտրել:

Դիտորդական առաքելության անդամները գտնում էին, որ «Ընտրական օրենսգիրքը» փոփոխությունների կարիք ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930