Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զովաբերից Մոսկվա՝ չիր, պանիր ու մի բուռ կարոտ

Սեպտեմբեր 24,2018 11:29

Ամռան երկու ամիսներին Խաչատրյանների տանից մանկական լացի, մի խաղալիքի կամ թարմ մրգից քամած կոմպոտի համար հրմշտոցի, իսկ երեկոները՝ նվագախմբի ձայն կլսես։ Արտերկրում աշխատող որդիներն են վերադարձել։

«Տատի՛, կովը ե՞րբ կծնի… Տա՛տ, բա ոչխարների պապան ու՞ր ա»,- իրար խոսք չտալով՝ Արշալույս Հակոբյանին հարցաքննում են Մոսկվայից ժամանած թոռները՝ Սյուզանն ու Սոնան։

Տատը քմծիծաղով չլսելու է տալիս, ձեռքի մի շարժումով խառնում արևից սմքած խնձորի չիրը։ 1976 թվականին, երբ դեռ Զովաբերի սովխոզում հաշվապահ էր աշխատում, հարևանի տղա Վահրամից ամուսնության առաջարկ ստացավ։ Հարազատ-բարեկամ խառնվեցին, բարեխոսեցին. համաձայնեց։ Բարձրագույն կրթություն ստանալու երազանքն անկատար մնաց։

Երեք զավակ ունեցան, ապրուստը դժվարացավ։ Ամուսինը Մոսկվայում էր աշխատում, տարիներով բացակայում տնից։ Առաջին անգամ լացով ճանապարհեց, աստիճանաբար բաժանումը սովորական դարձավ։ «Հերթական ճամպրուկն էինք կապում։ Գևորգս դեռ նոր էր խոսել սովորել. մերթ իրեն, մերթ հորն էր մատնացույց անում ու բացատրում՝ «Էսա պապան ա, էսա՝ բալան». կարծես հիշեցնում էր, որ գնալուց հետո չմոռանա»,- պատմում է տիկին Արշալույսը։

Տանը տղամարդու բացակայությունը զգալի էր. լույսը չբացված՝ կինն անասունը արոտավայր էր տանում, այգին փոցխում, հատապտուղ ու միրգ հավաքում։ Խոտհունձի ժամանակ համագյուղացիներն էին օգնում։ Երեկոյան շոյում էր հանդից վերադարձած ամենատարեց կովի ճակատը, կաթն ու սրտի կարոտը խառնելով՝ պանիր «քամում», ապա գլուխը դնում բարձին։

Տարիներ անցան, երեխաները հասակ առան, ընտանիք կազմեցին։ Հոր փոխարեն որդիները՝ Գևորգն ու Վահանը, բռնեցին օտարության ճամփան։ Շատ բան փոխվեց. խորհրդային տարիներին կառուցված հողաշեն տան քանդված պատերն ամրացան, բակն ընդլայնվեց, այգին ցանկապատվեց։ Միայն հին թախտը մնաց՝ տան անդամների ապրած-չապրած օրերի, բախտի հետ անձայն կռվի վկան։ «Ավագ որդիս չորս ամիսը մեկ վերադառնում է Մոսկվայից, գյուղը շատ է սիրում։ Նոր տարին միշտ միասին ենք դիմավորում, որքան էլ գործը հրատապ լինի։ Կրտսերս այնտեղ է հաստատվել։ Երբեմն աչքերս փակում եմ ու պատկերում ճանապարհը, որով ամեն օր տղաներս տեխնիկայով բեռ են փոխադրում։ Մեծ քաղաքներում երթևեկությունը դժվար է, փորձանքն՝ ամեն քայլափոխի»,- անկեղծանում է մայրը։

Յոթ թոռներն իր ուրախությունն են։ Չորսը երաժիշտ են, տարբեր գործիքներ են նվագում։ Ամենափոքրը դուդուկահար է. հարազատները հաճախ հոգու հետ են խաղում՝ հարևան «դուդուկչի» Վաղոյին նմանեցնելով։

Արտերկրում ապրող երեք թոռներին Արշալույս տատն առաջինն է գրկել, կիսել հարսի հոգսը։ Նրանց սիրելի բալդրղանի (նեխուրազգիների միամյա բույս, հեղ․) թթուն ու սմբուկով խավիարը մի անկյունում է դրել, որ հետները Մոսկվա տանեն։

Գևորգն ու Սաթենիկը 16 տարվա ամուսիններ են։ Արտերկրում միասին ապրելու ցանկությունը մեծ էր, սակայն կինն իր ամուսնու ծնողների կողքին մնաց․ կյանքը ստիպեց «հանգամանքների հետ հաշտվել»։ Ասում է՝ գյուղում միգրանտ ունեցող ընտանիքները շատ են, այդ ամենը միայն իր «գլխով» չի անցել։ Կարևորը երկու զավակները ոչնչի կարիք չունենան։

Տղաներին հիմնականում մայրն է դաստիարակում։ Մեկը դեռահաս է, մյուսը՝ զորակոչիկ․ հասունացել են, առաջվա պես իր հետ չեն կիսվում։ Գևորգը «երես» է տալիս, ինքը՝ սաստում։ Իսկը հոր «կտորն» են՝ հոգատար ու սրտաբաց․ «Անկախ նրանից՝ հայրիկը Հայաստանում է, թե ոչ, տղաներս միշտ հիշեցնում են, որ նա է մեզ համար ամեն ինչ անում։ Երնեկ մեկն աղջիկ լիներ, ինձ հասկանար»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Նյութը ներկայացված է «Ճամպրուկ 2018» ամենամյա լրագրողական մրցույթին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930