Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրանցման հետ կապված մոտ 705 դեպք է եղել, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ 35 դեպք, 26 ընտրողի անվան դիմաց եղել է ստորագրություն». «Ականատես»

Սեպտեմբեր 24,2018 11:19

«Ընտրություններն անցան ազատ մրցակցային մթնոլորտում, բացառիկ ընտրություններ էին, ընտրատեղամասերից մարդիկ ժպիտով էին դուրս գալիս, զգում էին, որ իրենց քվեն ազդեցություն է ունենալու», – սա «Ականատես» դիտորդական խմբի անդամների գնահատականն է Երեւանի ավագանու երեկվա ընտրությունների մասին:

«Ականատես» դիտորդական խումբը ձեւավորվել է 2018-ին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, եւ «Ռեսթարթ» քաղաքացիական նախաձեռնության կողմից:

Այսօր «Մեդիա կենտրոնում» նախաձեռնության անդամները Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները ներկայացնելիս ասացին, որ այս ընտրությունները պատմական էին, նախորդից զգալիորեն տարբերվում էին: Սոնա Այվազյանը նշեց, որ դիտարկել են 80 տեղամաս՝ մոտ 15 տոկոսը Երեւան քաղաքի տեղամասերի, բայց կիրառված մեթոդաբանությունը հիմք ընդունելով՝ այդ արդյունքները ներկայացուցչական են ամբողջ քաղաքի համար:

Նա ասաց, որ տեղամասերի կահավորման խնդիրները չեն լուծվում տարիների ընթացքում. հանձնաժողովի աշխատանքի որակի աճ չի նկատվում, պարզապես նրանք գործել են ավելի ազատ պայմաններում ու ավելի անկաշկանդ են եղել. «Նրանց աշխատանքի որակը չեմ կարծում, որ առանձնապես տարբերվել են նախկինից: Օրվա ընթացքում արձանագրվել են այլ խախտումներ, 232 ընտրողների անուններ չեն եղել ցուցակում կամ ներառված չեն եղել սարքում: Գրանցման հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ, մոտ 705 դեպք արձանագրել ենք, արձանագրվել են ընտրողին օգնելու կարգի խախտումներ՝ մոտ 40 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ մոտ 35 դեպք, 26 ընտրողեր իրենց անվան դիմաց նկատել է ստորագրություն, նրանցից մեկը չի քվեարկել ի վերջո, հեռացել է, 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել: Մի քանի ավելի փոքր խախտումեր են եղել՝ քարոզչություն, հակաքարոզչություն, դիտորդների ուղղորդման դեպքեր, բայց անհամեմատ ավելի քիչ»:

Սոնա Այվազյանը նաեւ նշեց, որ տեղամասերի շուրջ չեն տեսել «թաղային խուժանին», որը հոգեբանական ճնշում էր գործադրում. «Քաղաքը շատ հանգիստ էր՝ ի տարբերություն նախկին ընտրությունների, ընդհանուր մթնոլորտը հանգիստ էր»:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների աշխատանքին, Սոնա Այվազյանը փոխանցեց դիտորդներից մեկի դիտարկումները, որոնք տիպիկ են մյուսների համար. «Հանձնաժողովների անդամները կարծես ինչ-որ գաղտագողի վարքագիծ են դրսեւորում, խմբավորումներով են աշխատում: Նույնիսկ եթե ոչ մի խախտում չի նկատվում դիտորդի կողմից, այդ վարքագիծը կասկածներ է առաջացնում, փորձում են մարմնով դիտորդի դիմացը փակել, թույլ չտալ, որ նայի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930