«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ընտրությունների ընթացքը՝ ասաց. «Կարծում եմ, որ նորմալ ընտրական պրոցես էր, ընտրությունները նորմալ անցան: Փառք Աստծո, չկային այն չարաշահումները, որոնք եղել են նախորդ տարիներին»:
Ինչ վերաբերվում է ընտրողների՝ ընտրություններին մասնակցելու ցածր տոկոսներին, այս մասին էլ պարոն Զուրաբյանն ասաց. «Ես չեմ համարում, որ 370000 թիվը ցածր աստիճան է, գտնում եմ, որ 800000-ից ավելի ընտրողները հետեւանք էին նրա, որ ցուցակները մաքրված չէին: Իմ գնահատմամբ գոնե, այդ թիվը պետք է ավելի փոքր լիներ:
Կարծում եմ՝ նախորդ ընտրությունների մակարդակի մասնակցություն է գրանցվել: Փաստացի մեզ մոտ ընտրություններին այդ թվով են մասնակցում, բայց կան նաեւ անտարբերների խմբեր, որոնք չեն մասնակցում ընտրությանը, ինչը այդքան էլ լավ չէ: Կուզենայի, որ մեր ամբողջ հասարակությունը մասնակից լիներ այս պրոցեսին»:
«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաեւ հավելեց. «Կար նաեւ մի հատված, որ շահագրգիռ չէր՝ այս ընտրություններում չուներ թեկնածու: Ես կարծում եմ, որ այս ամենն իր հետեւանքն ունեցել է: Բայց նորից եմ կրկնում՝ պրոցեսը նորմալ է, ամենակարեւորը՝ անարդարությունների, զոռբայության, փողի գործոնը, որպես այդպիսին, չի աշխատել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ