Աջափնյակ համայնքի 6/47 ընտրատեղամասը իսկական մեռելատուն էր հիշեցնում՝ սավանով ծածկած պատեր, լամպը կախած: Հանձնաժողովի նախագահ Աննա Հակոբյանն ասաց, որ իրենց մոտ էլ է այդպես ասոցացվում, բայց այլընտրանքն չունեին, ուզել են ամեն ինչ լինի օրինական ու սավանով փակել են քվեախցերի մոտ գտնվող դռները, ավելին՝ նա ասաց, որ դռան փոքր անցք է եղել, դա փակել են A4 ֆորմատի թղթով, որ որեւէ խոսակցություն այդ ընտրատեղամասի հետ կապված չլինի:
Ի տարբերություն այս տեղամասի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/50 տեղամասը կահավորած էր այնպես, որ քվեախցիկի մոտ հայելիներ էին, իսկ քվեախցիկների հետնամասում՝ բաց պատուհաններ:
Հանձնաժողովի նախագահ Բագրատ Անդրեասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մինչեւ ընտրությունները փորձել են՝ քվեարկության գաղտնիության իրավունքը չի խախտվում, չի երեւում: Ինչ վերաբերում է պատուհաններին, նա ասաց, որ շղարշը թույլ չի տալիս երեւալ. «Ներսից դուրսը երեւում է, դրսից ներսը՝ ոչ»:
Լուսանկարներից որոշներն արվել են՝ հայելու մեջ նկարելով, այսինքն, ցույց են տալիս, թե ինչքանով է ընտրողների քվեարկությունը արտացոլվում հայելու մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ