Վերլուծաբան Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս տարվա մարտի ամսին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինն ու իր նախընտրական շտաբը ՝ օգտագործելով ահռելի ֆինանսական և ադմինիստրատիվ լծակներ, քարոզչական մեծ արշավ սկսեցին՝ բոլորին քարոզելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Քարոզչական այդ արշավն ավելի ազդեցիկ դարձնելու համար ներգրավվում էին ինչպես պետական հովանավորչության տակ գտնվող հեռուստաընկերություններն ու դրանցում աշխատող աստղերը, այդպես էլ ավելի քիչ հայտնի յութուբյան բլոգերները, որոնց առաջարկվում էին բավականին պատկառելի գումարներ այդ քարոզչության համար: Քարոզվում էր բացառապես միայն ընտրությանը մասնակցելու, ոչ թե ինչ-որ կոնկրետ թեկնածուի ձայն տալու գաղափարը:
Ռուսական իշխանություններին նման քայլի դրդել էին նախագահականին նախորդած պետդումայի ընտրության ցածր մասնակցության թվերը: Այդ թվերը Պուտինի ՝ համառուսաստանյան առաջնորդ լինելու կերպարին լրջագույն խոչընդոտում էին: Մի բան է, երբ դու ու քո ղեկավարած կուսակցությունը հաղթում եք 40 տոկոս մասնակցության դեպքում, մեկ այլ բան, երբ մասնակցության տոկոսը 60-70 է: Համառուսաստանյան առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ ընտրողների կեսից ավելիի մասնակցություն ՝ այդ մասնակցության ընդհանուր թվի կեսից ավելիի ձայներով: Այլապես դու պարզապես հերթական ընտրության հաղթող ես, ոչ թե համաժողովրդական լիդեր: Բացի այդ ՝ չմասնակցածները կամ չկողմնորոշվածները պարարտ հող են պոտենցիալ մրցակիցների համար ապագայում (Ռուսաստանի դեպքում այդ մրցակիցները նաև արտաքին են):
Հիմա, արդեն ակնհայտ է, որ Երևանի ավագանու այսօրվա ընտրությունների մասնակցության թիվը 50 տոկոսին չի հասնելու, իրականում լինելու է +/- 1-2 տոկոս ավագանու նախորդ ընտրությունների համեմատ: Ժամեր անց, երբ նախնական թվերը սկսեն հայտնվել, բոլորը քննարկելու են թե ով ու ինչքան հավաքեց: «Իմ քայլը» բնականաբար հաղթելու է, քիչ մասնակցության թվերով ՝ հաղթելու է ավելի մեծ տոկոսներով:
Բայց. երբ հայտարարվում է, որ սրանք պատմական ընտրություններ են, վստահության հանրաքվե են, համաժողովրդական շարժում կապիտալիզացնելու միտում ունեն, ապա մասնակցության տոկոսը չպետք է անտեսել այլ հատկանիշների ֆոնին ՝ ազատ, թափանցիկ, առանց խախտումների և այլն: Եթե ընտրությունները հայտարարված են ոչ սովորական, ենթադրվում է, որ ոչ սովորական պետք է լինի ոչ միայն արդյունքը, այլև մասնակցության թիվը (ինչը համաժողովրդականության կոնտեքստում ըստ էության հիմնական արդյունքն է):
Չնայած Փաշինյանը առաջանցիկ կերպով արդեն հնչեցրել է ցածր մասնակցության պաշտոնական վարկածը ՝ գազելների բացակայությունը, բայց հիմնական պատճառն այլ է: Քաղաքական կյանքի գլխավոր գործիք է հռչակվել հրապարակը, ինչը նշանակում է, որ մյուս գործիքների ՝ այդ թվում ընտրական ինստիտուտի դերակատարության համամասնությունը իջեցվել է, ինչքան էլ չկրկնենք, թե այս ընտրությունները ազատ են ու թափանցիկ: Ազատ և թափանցիկ դեռ չի նշանակում ազդեցիկ ու արժեքավոր:
Փաշինյանին երկրպագող միջին վիճակագրական քաղաքացին ավելի արժեքավոր է համարելու իր մասնակցությունը հանրահավաքներին, քան ընտրատեղամաս գնալը, քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի ապագան որոշվում է այս հրապարակում: Փորձ չի արվել խրախուսել հասարակության տարբեր շերտերի ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ համատիրությունների, արհմիությունների, համայնքների, լոկալ ազդեցության գոտիների մակարդակով:
Հասարակության լայն շերտերի մոտ, ըստ այդմ, ընդհանուր պատկերը հետևյալն է ՝ պայմանական հրեշից ազատվել ենք ու ընտրել պայմանական փրկիչ, որը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ամեն ինչ անի մենակով: Ցավալին այն է, որ հասարակության լայն շերտերի մոտ գերիշխող այս մոտեցումը նոր իշխանություններն ի դեմս Փաշինյանի շատ են հավանել ու ընկալել որպես արդյունավետ գործիք:
Վերջում. անկեղծ ասած սրանք բավականին նորմալ մասնակցության ցուցանիշներ են միջին չափանիշներով: Այլ բան է՝ արդյո՞ք սահմանված սպասելիքների ու իրականության միջև խզում կա, թե ոչ: Պարզվեց ՝ կա: Արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն ու իր սկսած գործընթացը տապալվեցին: Բնականաբար՝ ոչ: Բայց նշանակում է, որ իրական և մատուցվող պատկերները առնվազն ներդաշնակ չեն: Ուրեմն՝ ժամանակի հետ կամ կարիք է լինելու իջեցնել սպասելիքների շեմը կամ էլ վերացնել խզումը: Կա, իհարկե, ավելի վատ սցենար՝ չնկատել խզումն ու չիջեցնել սպասելիքների շեմը: Բայց այդ սցենարը առայժմ եկեք չքննարկենք»: