«Անկախ դիտորդ» դաշինքի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի ավագանու ցուցակի 33-րդ համարը՝ Աշոտ Անդրեասյանը պատժելի արարք է կատարել: Այս մասին Իոաննիսյանն ասաց Aravaot.am-ի հետ զրույցում:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» հիմնադրած Sut.am կայքը հրապարակել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիան լինելով հասարակական կազմակերպություն, ամբողջապես կուսակցականացված է։ Ասոցիացիայի նախագահ է Աշոտ Անդրեասյանը, որը նաեւ ԲՀԿ ավագանու ցուցակի 33-րդ համարն է, ԲՀԿ երիտասարդական թեւի ղեկավար կազմի անդամ եւ պատգամավորի օգնական է։ Այս ասոցիացիայի մոտ 50 անդամ ակտիվորեն մասնակցել են ոչ միայն ԲՀԿ-ի քարոզարշավին, այլեւ համացանցում ապատեղեկատվություն են տարածել այլ թեկնածուների մասին»։
ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանն արձագանքելով այս հրապարակմանը, ասել է՝ «Հասարակական կազմակերպության անդամը չի՞ կարող լինել կուսակցական: Ի՞նչ կա դրանում հակաիրավական կամ ոչ համաչափ»:
Ավելին, պատգամավորը դրական է համարում, եթե երիտասարդը պատրաստված է, ունի սեփական կարծիք եւ այն հանրայնացնում է»:
Դանիել Իոաննիսյանն էլ պնդում է՝ «Ափսոս ֆեյքերով արշավ կազմակերպելը պատժելի չէ: Բայց, այդուհանդերձ, իրենք արել են պատժելի արարք: Դա այն է, որ հանձնաժողովի անդամներին դրդել են վարչական իրավախախտում անել, ինչի իրավունքը չունեն, եւ այդ հանձնաժողովի անդամները հայտնվելու են դատարանում»:
ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր՝ «Վարչապետին կից հանձնաժողովներից մեկի համակարգողը, իրան հայտարարել է անկախ դիտորդ ու գնահատական ա տալիս ընտրախախտումներ մասին։ Նախ, Դանիել ջան, աշխատելով Նիկոլի թիմում, դու չես կարող չեզոք դիտորդ լինել։ Ակնհայտ բան է։ Ու բնականաբար քո արածը, ու նաեւ միաժամանակ այլ օգտատերերի նման սուտ լուրեր տարածելը կազմակերպված հակաքարոզ ա մի ուժի նկատմամբ: Անկեղծ ցավում եմ։ Հուսամ պատկան մարմինները գնահատական կտան, լռության օրը ակնհայտ կազմակերպված հակաքարոզին»։
Այս առնչությամբ էլ Իոաննիսյանն ասաց. «Ես որեւիցե մոտիվացիա չունեմ իշխանություններին հաճոյանալու կամ լավություն անելու կամ լավության տակից դուրս գալու, որովհետեւ իշխանություններն ինձ լավություն չեն արել: Ես եմ գործադիրին անհատույց, անվճար օգնում խելքի բերել ընտրական համակարգը: Ես չեմ կարծում, որ որեւէ հիմք եմ տվել, որպեսզի իմ անաչառությունը կասկածի տակ դրվի»:
Իոաննիսյանի խոսքերով՝ ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված հանձնաժողովում իր աշխատանքը չի կաշկանդում նրան անաչառ դիտորդություն իրականացնել. «Ընտրական օրենսգրքի իմ աշխատանքը ինչպե՞ս է կապվում դիտորդական աշխատանքի հետ, այս տրամաբանական կապը ես չեմ հասկանում: Եթե տրամաբանական կապը Պետրոս Ղազարյանը բացատրի, շնորհակալ կլինեմ»:
Իոաննիսյանը վստահեցրեց՝ իրենք նաեւ «Իմ քայլը» դաշինքի խնդրահարույց գործողությունների մասին են խոսել:
«Երբ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ֆեյքերով արշավ է գնում, մենք ասացինք՝ այո, կա տեղեկատվական արշավ, եւ ոչ միայն ԲՀԿ-ի դեմ: Այսինքն՝ մեր սկզբունքն է՝ ինչ տեսնում ենք ՝ասում ենք: Եվ ո՛չ լռության օրը, ո՛չ էլ քվեարկության օրը որևիցե բան չի կաշկանդում ասել դա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ