Ալեքսանդր Քալանթարյանն այսօր այդպես էլ չի կարողացել քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին, քանի որ անունը ընտրացուցակից բացակայել է: Մամիկոնյանց 33 հասցեի թիվ 82 դպրոցի շենքում տեղակայված 4/09 ընտրատեղամասում Ալեքսանդր Քալանթարյանին հայտնել են, որ չի կարող քվեարկել, քանի որ գրանցումը վեց ամսից պակաս է:
Այսինքն՝ առնվազն վեց ամիս առաջ քաղաքացին պետք է գրանցված լիներ այդ հասցեում, որտեղ բնակվում է: Ալեքսանդր Քալանթարյանի դեպքում վեցամսյա ժամկետը դեռ լրացած չի եղել:
Քաղաքացին ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ վկայակոչել են Ընտրական օրենսգիրքը՝ նշելով, որ այս բնույթի ահազանգեր այլ քաղաքացիներից նույնպես ստացել են:
Aravot.am-ի հարցերին ի պատասխան, ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ նույնաբովանդակ՝ վեց ամսից պակաս հաշվառում ունենալու 13 ահազանգ են ստացել, եւ այդ բոլոր քաղաքացիներն էլ ընտրություններին քվեարկելու հնարավորություն չեն ունեցել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանի խոսքով, պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը բոլոր դեպքերում իրազեկել է, որ հարցը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով:
Համաձայն այդ կարգավորման, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած, ընտրություն անցկացնող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը, առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի հանրապետության քաղաքացիները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ