«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: ժ. 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել եւ ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից:
Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ոստիկանության Շահումյանի բաժնի պետը խոստացել է հետեւողական լինել ընտրական խախտումն իրականացրած քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու հարցում: Մենք նաեւ ուսումնասիրում ենք ըստ թաղամասերի ընտրություններին մասնակցության կասկածելի մեծ տարբերությունը: Մասնավորապես, մեր նախնական դիտարկումների համաձայն Արաբկիր համայնքի ընտրական տեղամասերում դիտվում է հիմնականում ցածր մասնակցություն, մինչդեռ Մալաթիա-Սեբաստիայի բազմաթիվ տեղամասերում ժ. 15:00- դրությամբ մասնակցությունը անհամեմատ բարձր էր: