Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիցցան հասել է, անուշ արել ենք, ասել ենք՝ շատ շնորհակալություն». 6/47-ում հիշեցնում են, որ ՀՀԿ-ն դեսերտ էլ էր ուղարկում

Սեպտեմբեր 23,2018 18:33

Աջափնյակ համայնքի 6/47 ընտրատեղամասում ժամը 18-ի դրությամբ 1271 ընտրողից քվեարկել էր 465-ը: Aravot.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Աննա Հակոբյանն ասաց, որ որեւէ խախտում չեն արձանագրել, վստահված անձինք հետեւել են գործընթացին առավոտից ու որեւէ խնդիր չեն արձանագրել. «Հանգիստ, նորմալ, ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան ընթանում է ամեն ինչ»:

Մեր հարցին՝ ահազանգեր կային, որ տարբեր ընտրատեղամասեր պիցցաներ են բաժանել, ձեր ընտրատեղամասին պիցցա ուղարկե՞լ են՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այո, մեր ընտրատեղամաս պիցցա հասել է, հասցրել ենք ընդմիջել, անուշ արել ենք, ասել ենք՝ շատ շնորհակալություն ով հյուրասիրում է: Բնականաբար, պիցցայով չբավարարվեցինք, մի փոքր անց մեր ընդմիջումը շարունակեցինք մեր միջոցներով»:

Նա ասաց, որ պիցցան «Իմ քայլը» դաշինքից են բերել. «Դռնից հենց տվեցին, գնացին»:

Աննա Հակոբյանը զարմացած է՝ համացանցում ինչո՞ւ են աղմուկ հանում այդ պիցցայից. «Նախկինում ովքեր աշխատել են հանձնաժողովներում, գիտեն, որ նախկինում ՀՀԿ-ն է ապահովել սնունդը եւ երբեւէ այդ մասին ինֆորմացիա համացանցում չի տարածվել: Սնունդ է դա, հիմա ընդմիջում է՝ սնվում ենք, դրա մեջ ինչ-որ արտառոց բան չկա»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն էլ էին պիցցա բերո՞ւմ, թե՞ այն ժամանակ խորոված-քյաբաբ է եղել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Պիցցա չէր, մի քիչ ավելի ընդլայնված էր՝ դեսերտով, բանով»:

Նա ասաց, որ դա նորմալ ընթացակարգ է, հյուրասիրում են այն կուսակցությունները, որոնք ընտրատեղամասում ունեն ներկայացված անդամներ: Հարցին՝ դա կարո՞ղ է ազդել, որ ինչ-որ խախտումների վրա աչք փակեք՝ պիցցան հիշելով՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, ոչ, մեր վրա ոչ մի բան չի կարող ազդել, մենք այսօր եւ նախորդ օրերին եւս մոռանում ենք մեր քաղաքական հայացքները, փորձում ենք կազմակերպել արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություններ եւ պիցցան, ոչ էլ այլ բաները չեն կարող մեր վրա ազդել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930