Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ, Փարիզի օդանավակայանից ֆեյսբուքյան իր էջում, ուղիղ եթերով ասաց, որ նախորդ տարի տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունը մեկ-երկու տոկոսով ավելի քիչ է, ինչը բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով, ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա. «Բայց ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ընտրություններին ակտիվ մասնակցություն կցուցաբերեն եւ անկախ գազելների գոյությունից մեր ընտրողները կմասնակցեն, որովհետեւ, այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու վճռորոշ, թե ինչ է լինելու ընտրությունների արդյունքներում: Եվ, այս առումով, շատ մեծ ինտրիգ է, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու ընտրություններում: Դա միայն դուք գիտեք: Միայն ձեզնից է կախված՝ ինչ է լինելու ընտրություններին: Ես համոզված եմ, որ, ընդհանուր առմամբ քվեարկությունը եւ ձայների հաշվարկը կանցնի սիրո եւ համերաշխության մթնոլորտում՝ չնայած՝ որ մեր իրավապահ մարմինները ծառայություն են իրականացնում եւ չի կարող այլ տրամաբանություն գործել»:
Վարչապետի խոսքով, ընտրությունների ընթացքը խաղաղ է, հանգիստ է եւ առանց նյարդային իրադարձությունների. «Չնայած մեկ-երկու փոքրիկ միջադեպ, որը դժվար է միջադեպ համարել, տեղի է ունեցել: Դա էլ նորմալ է, ընթացս դրանք էլ կկարգավորվեն, որովհետեւ, կարծում եմ, բոլորը հասկացել են, որ Հայաստանի հանրապետության քաղաքացու իշխանությունն անբեկանելի է եւ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որեւէ բան չի կարող սպառնալ»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց գնալ ընտրական տեղամասեր եւ կատարել քվեարկություն: Ըստ վարչապետ Փաշինյանի, սա պատմական հնարավորություն է եւ ամեն ձայնն, իսկապես, վճռորոշ է. «Ամեն երեւանցի իր ձայնը պետք է շատ հստակ բարձրացնի այս ընտրություններում, իր խոսքն ասի այս ընտրություններում, իհարկե, հասկանալով, որ այդ խոսքը միայն այսօրվան չի վերաբերում: Այս խոսքը վերաբերում է միջնաժամկետ եւ ռազմավարական հեռանկարին: Ես հույս ունեմ, որ դուք ձեր հստակ դիրքորոշումը կարտահայտեք»:
Վարչապետին ի պատասխան, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով:
Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը: Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը։
Ոչ մի զարմանաալի բան չկայ։
Վարչապետն անիմաստ դարձրեց Երևանի աւագանու ընտրութիւնները, մեծապէս և էապէս կեղծեց դրանք, ասելով, որ այդ ընտրութիւնները ոչ թէ աւագանու ընտրութիւններ են, այլ՝ հանրաքւէ, իրեն՝ ԱԺ-ն ցրելու լիազօրութիւն տալու համար։
Հիմա՝, առ քո լիազօրութիւնը, անոյշ արա։
Եթէ ընդդիմադիր ուժերու հիմնական մարտավարութիւնը տեւաբար անխօս ու անշարժ, անդամալոյծ մնալն է, նախ՝ դա շատ ձեռնտու է այժմու իշխանաւորներին – եւ հալալ են իրենց շարունակական յաղթանակները -, եւ նաեւ՝ այդ պահուըտած «ընդդիմադիրներու» արտայայտած խո՜ր մտահոգութիւնները երկրի վիճակին ու կացութեան մասին, ընդունելի չեն:
Կարելի չէ, միաժամանակ, միմիայն խափանել իշխանութեան աշխատանքը, ջանք թափել միայն զայն տկարացնելու համար, եւ ծայրագոյն ահազանգներ հնչեցնել թէ այդ իշխանութիւնը երկիր տանում է դէպի բառացիօրէն կործանում:
Վերջապէս, նախորդ քաղաքապետը 70% քուէներ ստացած էր: Ո՞ւր գացին այդ բոլոր երեւանցիները…
Նախորդ վարչակարգը փաստօրէն խոշո՜ր bluff մըն էր: Մինչեւ որ մէկը ըսաւ՝ I call.