«Առհասարակ, կողմնակից եմ էջը չմրոտելուն: Հուսամ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից եւ այլեւս էջեր չենք մրոտի»,- լրագրողների հետ զրույցում այսօր քվեարկելուց հետո ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե՝ «եկեք իրար ներենք, եւ վաղվանից ամեն ինչ կսկսվի մաքուր էջից»: Իսկ թե ով էր մրոտողը, Արտակ Զեյնալյանը չհստակեցրեց՝ ասելով, որ իր պատասխանը վերացական էր: «Քվեարկության ավարտին հանդես կգանք հայտարարությամբ, իսկ մինչ այդ տեսակետներ չեն հնչեցնելու՝ հանրային կարծիքների վրա չազդելու նպատակով»,-նշեց նա:
Զեյնալյանը չպատասխանեց հարցերին, թե արդյոք «Լույս» դաշինքը նոր ավագանիում «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիոն գործարքի կգնա՞, չընտրվելու դեպքում Զեյնալյանը կշարունակի՞ պաշտոնավարել որպես Արդարադատության նախարար: «Որեւէ մեկին չենք դիտարկում որպես թշնամի: Մերժվածներ չպետք է լինեն, քաղաքական տարաձայնություններ պետք է լինեն, նաեւ՝ ընդդիմադիր խոսք, բայց այդ ամենը չպետք է վերածվի հակամարտության եւ թշնամության, ինչպես նախկինում էր»,-նշեց «Լույս»-ի քաղաքապետի թեկնածուն:
Արտակ Զեյնալյանը նաեւ պնդեց համոզմունքը, որ ինքն ընտրվելու է քաղաքապետ:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
https://www.youtube.com/watch?v=E0PCJg0o7NE
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ