Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Հայաստանում կուսակցությունները մեկ մարդու շուրջ ստեղծված խումբ են»

Սեպտեմբեր 23,2018 18:15

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը սեպտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ասաց, թե կուզենար, որ մեր քաղաքական վերնախավը ոչ միայն ունենար գաղափարախոսություն, այլեւ պետական հայեցակարգ` ինչ տիպի պետություն պետք է կառուցվի, ինչպիսին պետք է լինեն ինստիտուտները, տնտեսական զարգացման հեռանկարները: Նրա ձեւակերպմամբ, միայն այդ դեպքում կարող ես կոչ անել ներդրումների, իսկ հենց այնպես կոչ անել ներդրումներ անել, երբ անհայտ է դաշտը, ոչ մի արդյունքի չենք հասնի:

Իրավապաշտպանը կարծում է, որ նախ եւ առաջ պետք է շեշտադրվի Ղարաբաղի հարցը, այն, որ Ղարաբաղը Հայաստանի ապագան է, որ երբեք չի կարող երբեք լինել Ադրբեջանի կազմում, եւ սրա շուրջ պետք է լինի համաձայնությունը: Ավետիք Իշխանյանի խոսքերով, հարկ է, որ երկրում լինի հանդուրժողականություն եւ ոչ թե սեր: Նա կարծիք հայտնեց, որ ավանդաբար Հայաստանում կուսակցությունները ստեղծվում են կոռուպցիոն սկզբունքներով, դառնում են մեկ մարդու շուրջ ստեղծված խումբ, ուզում են` նա գա իշխանության, որ իրականացնեն իրենց ակնկալիքները:

Ավետիք Իշխանյանը նաեւ համոզված է՝ պետք է ձերբազատվել հպատակի սովորույթից` եւ ներկուսակցական հպատակությունից եւ ընդհանուր հպատակությունից. «Քանի դեռ մեր հասարակությունը ազատության զգացողություն չունի, չունի իշխանության նկատմամբ պահանջ եւ քննադատություն, երկրում ոչինչ չի փոխվի»:

Նա կարծում է, որ այդ ամենը գալիս է կրթությունից, ավանդական ընտանիքից, դպրոցում դասը սերտելուց եւ հնազանդ աշակերտ լինելուց. «Ամեն ինչ պետք է սկսել կրթական համակարգից, բարձր դասարաններից պետք է սովորեցնել, թե ինչ է նշանակում պետություն, կառույցներ, որոնք քաղաքական ազդեցություններից պետք է զերծ լինեն»:

Ավետիք Իշխանյանը հայտարարում է, որ քաղաքական, իրավական գնահատական տրվի Անկախության ամբողջ շրջանին. «Իսկ թե ով է գնահատական տալու, դա շատ բարդ է: Ցանկալի կլինի գտնել անկողմնակալ, անաչառ մարդկանց, ինչը Հայաստանում համարյա անհնար է, թեեւ չի բացառվում, որ նրանք չկան…»: Նրա համոզմամբ, գնահատական պետք է տրվի Անկախության շրջանի կոռուպցիային, սպանություններին, բոլոր բացասական երեւույթներին:

«Եթե գնահատական չենք տալիս, որեւէ երաշխիք չկա, որ նոր իշխանությունները նախկինների ճանապարհով չեն գնա»,-համոզված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով հայաստանյան ընտրություններին, Ավետիք Իշխանյանն ասաց, որ Հայաստանում ընտրություն կոչվածը միշտ եղել է պատերազմ` ընդդիմության դալուկ ուժերով եւ իշխանության բոլոր ռեսուրսներով. «Այդ պատերազմի ժամանակ եղել է ամեն ինչ ու անպատժելիություն»:

Նրա ասելով, պատկերն այլ է ներկայումս. ժամը 15-ի դրությամբ Ավան վարչական տարածքում, որտեղ իրենք դիտորդություն են արել, պայմանական ասած խախտումները տեխնիկական բնույթի են եղել, եւ նախորդ ընտրություններին բնորոշ ավանդական խախտումներ չեն գրանցվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930