Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյանը` քաղբանտարկյալների մասին. «Փաշինյանի ծրագրի այդ կետը ի կատար չի ածվել»

Սեպտեմբեր 23,2018 17:48

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Մեդիա» կենտրոնում սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսում խոսեց Երևանում քաղաքացիական ակտիվիզմի դրսևորումներից: Նա նշեց, որ այսօրվա մեր կյանքը չի կարելի դիտարկել անցյալից կտրված, այսօր առկա բացասականը, նրա խոսքով ավելի շատ անցյալի արդյունք է, որոնց թվում են` ընտրակեղծիքներ, հանուն իշխանության հանուն ամեն ինչի պատրաստ լինելու մարմաջը: Նրա խոսքերով, անցյալի այլախոհական թեւի հետ, սակայն, գեղեցիկ երեւույթներ կարելի է կապել, ինչպես ազատամտությունը, ժողովրդավարությունը, անկախությունը:

Վարդան Հարությունյանի խոսքերով, պատմությունը ցույց է տալիս, որ հայերը, վրացիները կարողանում են ըմբոստանալ, երբ զգում են, որ եկել է համապատասխան պահը, ու այդ պահի պարագայում մարդիկ դառնալ այլախոհներ:

«Իսկ համակարգված պայքար, որ ստացավ այլախոհություն անունը, ի հայտ է եկել 50-ականների վերջին»,-նշեց պարոն Հարությունյանը,-հավելելով,- եթե մի քիչ դեպի պատմություն գնանք, կտեսնենք, որ բոլոր հանրապետություններում, օրինակ լիտվացիները, էստոնացիները, արեւմտյան ուկրաինացիները Խորհրդային Միության դեմ կռվում էին զենքը ձեռքին: Նրանք իրենց հայրենիքն էին պաշտպանում»:

Խոսելով 60-ականների Երեւանի մասին, Վարդան Հարությանը նշեց, որ բանաստեղծ Մերուժանը այդ շրջանի շարժումների մասնակիցն է եղել. «Դա աներեւակայելի ժամանակ է եղել ոչ միայն Երեւանի, այլեւ, ողջ ԽՍՀՄ-ի համար»: Նա փաստեց, «ձնհալի» շրջան էր.« Ստալինյան շրջանում ինքնաճանաչողությունը դրված չէր, իսկ այդ շրջանում մարդիկ սկսեցին իրենց ճանաչել: Հատկապես Հայաստանում ու Ուկրաինայում էր դա ընդգծված, երբ ամենը զուգակցվեց Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները ֆիլմով: Այդ ֆիլմը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեցին ազգային ինքնագիտակցությամբ տոգորված մարդիկ:

Հայաստանում նման բան չկար, բայց փոխարենը Եղեռնը կար, որը համախմբում էր…Դա հիշատակել թույլատրված չէր…Չկար մի տեղ, որ ծաղիկներ դնեին…Այդ անձնական վիշտը նշելու մղումն այնքան մեծ էր, որ 60-ականների սկզբից դարձավ կենսական պահանջ, որը ծնունդ տվեց այն շարժմանը, որը դարձավ այլախոհության սկիզբ»:

Վարդան Հարությունյանը հիշեց, որ հենց այդ ժամանակ ստեղծվեց Հայաստանի երիտասարդների միություն, որի մեջ անգամ 18-50 տարեկան մարդիկ կային.« Նույնիսկ այդ կազմակերպության անդամ էր Վազգեն Վեհափառի թարգմանիչը, որը հետո դատապարտվեց: Երբ կազմակերպիչներին 64-ի դեկտեմբերին ձերբակալեցին, մարդիկ իսկույն իմացան յոթ հայրենասերների ձերբակալության մասին: Նրանցից յուրաքանչյուրին հերոսացնում էին»:

Վարդան Հարությունյանն անդրադարձավ ներկայիս Հայաստանին ու Շանթ Հարությունյանի խնդրին, ասաց, որ ամեն օր պատրաստվում է այդ մասին հոդված գրել, որը լինելու է քննադատական, հետեւաբար դա կանի ընտրություններից հետո:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, նրա ծրագրի այդ կետը ի կատար չի ածվել: Տեղի է ունեցել թյուրիմացություն, ես չգիտեմ, թե դա ում մեղքն է, իր նախարարների, թե իր… Եթե ասում ենք, որ չպետք է լինի քաղբանտարկյալ, հասկանում ենք, որ չպետք է լինի քաղբանտարկյալ, այլ ոչ թե քաղբանտարկյալ, որի ռեժիմը պետք է փոխված լինի: Փաշինյանի թիմակիցները չեն ասել, որ գալու ենք իշխանության եւ փոխելու ենք պահման ռեժիմը, չունենալ քաղբանտարկյալ, նշանակում է արդարացնել ու ազատ արձակել»:

Պարոն Հարությունյանն ասաց, որ այսքան կալանավոր անգամ ամենադաժան տարիներին չի եղել Հայաստանում: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու չի իրականացվում համաներում, չեն վերանայվում ցմահ դատապարտված մարդկանց դատավճիռները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930