ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը ԿԸՀ-ում ժամը 16:00-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մինչ այսօր ՔԿ-ում հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն եղել: Բայց այս պահի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ դատախազության միջոցով ստացվել է երեք հաղորդում, որոնցից երկուսը ԶԼՄ-ներով հրապարակված դեպքերի ու եւս մեկը 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ստուգողական գործողություններ՝ քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար:
Հաղորդումներից մեկը մասնավորապես վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրական ընտրատեղամասում տարեց կնոջ կողմից տարեց ամուսնու հետ միասին քվեախցիկ մուտք գործելու դեպքին, իսկ մյուս դեպքը Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես վերեւում առաստաղին տեսախցիկ ամրացված լինելու դեպքին: 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր կնոջ կողմից կրկնակի քվեարկության փորձ կատարելուն: Նշված բոլոր դեպքերով իրականացվում են օրենքով սահմանված քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – ասաց Կամո Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ